17 հունիսի 2009 - 21:16 AMT
Տիգրան Պետրոսյան. Իմ անունն ինձ համար հաջողության հասնելու խթան է
Հունիսի 17-ին Հայաստանի շախմատի տանը նշվել է լեգենդար հայ շախմատիստ, աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 80-ամյակը: Կազմակերպվել են մրցաշարեր` միաժամանակյա խաղի սեանս են անցկացրել օլիմպիական չեմպիոններ Արտաշես Մինասյանն ու Տիգրան Լ.Պետրոսյանը: Վերջինս PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում իր կարծիքն է կիսել իր լեգենդար անվանակից Տիգրան Պետրոսյանի մասին:

«Մանկության տարիներին ես շատ ուշադիր եմ ուսումնասիրել Տիգրան Պետրոսյանի խաղաոճը, մեծ ուշադրություն դարձնելով դրան: Ինձ անվանակոչել են իմ լեգենդար նախորդի պատվին: Ինձ հաճախակի են հարցնում, արդյոք ես Տիգրան Պետրոսյանի հարազատը չեմ: Այդ հարցն ավելի հաճախ են տալիս, քան պարզապես հարցնում, թե «ինչպե՞ս ես»: Եվ միշտ փորձում են ինձ համեմատել նրա հետ: Սակայն իմ անվանակիցը խաղում շատ հանգիստ էր, ի տարբերություն ինձ, որի համար էլ ստացել է «Երկաթյա Տիգրան» անունը: Իմ ոճը բոլորովին այլ է: Ես ավելի ակտիվ եմ, առավել ռիսկով եմ խաղում»,-ասել է օլիմպիական չեմպիոնը:

Հայ գրոսմայստերն ասել է նաեւ, որ հպարտանում է եւ պատասխանատվություն է զգում իր անվան համար:

«Միջազգային մրցաշարերում իմ անունը խթան է ինձ համար, կրկնակի ջանք գործադրելու համար եւ խաղալ առավելագույն կենտրոնացմամբ»,-ասել է Պետրոսյանը: