20 հունվարի 2026 - 13:58 AMT
Արտաքին հետախուզությունը գրեթե անհավանական է համարում 2026-ին ՀՀ և Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիան

ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը ներկայացրել է Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026-ի տարեկան զեկույցը, որի համաձայն ՀՀ և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական սրացումը 2026 թվականին գրեթե անհավանական է, հայտնում է Արմենպրեսը:

Զեկույցում ասվում է, որ 2025 թվականի ընթացքում անցկացված ինտենսիվ երկկողմ բանակցությունները, ինչպես նաև օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներգրավմամբ ձեռք բերված Վաշինգտոնյան հռչակագիրն ու «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրումը հանգեցրել են խաղաղ կարգավորման շոշափելի հնարավորության։

«Նշված եւ ուղեկցող գործընթացների ու տվյալների համապարփակ վերլուծության արդյունքում գրեթե անհավանական ենք համարում 2026 թվականին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմաքաղաքական մտադրությամբ պայմանավորված տարբեր մասշտաբների ռազմական էսկալացիան։ Քիչ հավանական ենք համարում նաև այնպիսի տեղային գործողությունները կամ միջադեպերը, որոնք ռազմաքաղաքական մտադրությամբ չեն պայմանավորված»,- ասված է զեկույցում։

Ըստ գնահատման՝ սահմանագծման և սահմանազատման գործընթացներում, տնտեսական նախաձեռնությունների ու հասարակական երկխոսության ոլորտներում հնարավոր է նոր առաջընթաց, ինչպես նաև՝ հումանիտար հարցերում։ Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման պարագայում էլ այդ զարգացումները կարող են խորանալ, ընդլայնելով Հայաստանի կապերը հարևանների հետ։

Զեկույցում միաժամանակ ընդգծված է, որ տարածաշրջանում դեռ պահպանվում են ռիսկեր՝ կապված այն պետությունների գործողությունների հետ, որոնք ձգտում են ամրապնդել կամ ընդլայնել իրենց ազդեցությունը։ Այդ համատեքստում կարևորվել է Ադրբեջանի վարած քարոզչական գիծը, որը թիրախավորում է Հայաստանի ինքնիշխանությունը։

«Ադրբեջանի և այլ դերակատարների կողմից Հայաստանի ինքնիշխանությունը հարցականի տակ դնող, կապակցվածության ծրագրեր իրականացմանը խոչընդոտող վնասարար խոսույթների ու հասկացությունների հետեւողական կիրառությունը միայն կնպաստի այդ ռիսկերի նյութականացմանը»,- նշված է զեկույցում։