18 հունիսի 2009 - 20:10 AMT
Այս ամռանը հանգստանալն ակտուալ չէ. շուրջը ճգնաժամ է
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարական նիստին դժգոհություն է հայտնել այն կապակցությամբ, որ բարձրաստիճան պաշտոնյաները տնտեսական ճգնաժամի պայմաններում դիմում են ամառային հանգիստ տրամադրելու հայտարարություներով:

Նրա խոսքով, այս ամռանը բոլոր նախարարներն ու նրանց տեղակալները պետք է լարված ռեժիմով աշխատեն: «Ինձ զարմացնում է այն հանգամանքը, որ բոլորը դիմումը գրում են հենց մեկ ամսով, կարծես թե ոչ մի արտառոց բան չի պատահել, մենք տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամն արդեն հաղթահարել ենք, կառավարությանը չի սպասվում լարված աշխատանք: Այս մոտեցումն անընդունելի է: Բարձրաստիճան պաշտոնատար անձինք եթե նույնիսկ պետք է գնան արձակուրդ այս ամռանը, ապա պետք է այն լինի կարճաժամկետ եւ ՀՀ-ում: Մեկ ամսվա դիմումներ խնդրում եմ չներկայացնել, եւ դուք էլ ձեր տեղակալներին հայտնեք, որ մեկ ամսվա արձակուրդ նրանք այս տարի չեն ստանալու: Մեր տնտեսական ցուցանիշներն այս տարի բարվոք չեն, եւ 2009թ. ամենածանր տնտեսական տարին է մեր կառավարության համար: Եվ մենք պետք է աչալուրջ լինենք»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Կառավարության ղեկավարը կարծիք է հայտնել, որ «տնտեսական ցուցանիշները համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությամբ վատանում են, եւ մենք ձեզ հետ միասին գիտակցելով այս հանգամանքը, պետք է ծանր բեռը վերցնենք մեր ուսերին»: «Այս ամառվա սեզոնը ծանր աշխատանքի սեզոն է լինելու կառավարության համար, որովհետեւ ցուցանիշները դեռեւս շարունակում են վատանալ»,- նշել է Սարգսյանը: