
«Հայրենիք» կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանը փաստաբան Արսեն Բաբայանի միջոցով ուղերձ է հղել ՔԿՀ-ից։ Այն հրապարակվել է փաստաբանի ֆեյսբուքյան էջում:
«Շնորհակալ եմ համախոհներիս ու գաղափարակից ընկերներիս այս օրերին ցուցաբերած աջակցության ու քաղաքացիական ակտիվ դիրքորոշման համար։ Գիտեմ, որ շատ դժվար է։
Նիկոլի Հայաստանում, որտեղ հետապնդվում է հայի խիղճը, հավատքն ու հայրենասիրությունը, փոխարենը՝ փառաբանվում է ստամոքսը, սատանիզմն ու պանթուրքիզմը։
Կոչս ու հորդորս բոլորին՝ չհանձնվել, չհուսահատվել, չհամակերպվել։
Ընդհակառակը՝ հավատալ, համախմբել և հաղթել։
Հայ ազգին հարկավոր են նոր առաջնորդներ։
Հայ ազգին հարկավոր է նոր որակի իշխանություն։
P.S․ Թակիր, որ բացես,
Փնտրիր, որ գտնես»,- ասվում է ուղերձում։
Գալստյանը կալանավորվել է ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին «Հայրենիք» կուսակցության պատասխանատու անձանց կողմից իրենց օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք տալու և նույն համայնքի բնակիչների կողմից ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում: