Ադրբեջանական մտավորականությունը կոչ է անում երկխոսություն սկսել Հայաստանի հետ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի մտավորականների միավորումը հնարավոր է համարում հայ եւ ադրբեջանցի մտավորականների համատեղ հանձնաժողովի կամ ավագանու միության ստեղծումը ղարաբաղյան հակամարտության լուծման համար ժողովրդական դիվանագիտություն իրականացնելու նպատակով:



«Գլխավոր ջանքն այն է, որ երկու կողմերը պետք է ջանքեր գործադրեն այդ խնդրի լուծման համար: Այդ խնդրի լուծման մեջ իր ներդրումը կարող է ունենալ ոչ միայն մտավորականությունն, այլ նաեւ անկեղծ, ժողովրդի շահերից գործող մարդիկ, քանի որ այդ մարդիկ անկախ իրենց ազգությունից չեն ոտնահարում արդարությունը»,-ասել է միավորման նախագահ Էլդանիզ Գուլիեւը:



ՌԴ-ում Ադրբեջանի ու Հայաստանի դեսպանների նախաձեռնությամբ 2007թ. հունիսի 28-ին երկու երկրների մտավորականները այցելեցին Ստեփանակերտ, Երեւան ու Բաքու: Ադրբեջանական պատվիրակության կազմում էին Փոլադ Բյուլբյուլօղլին, Ֆարհադ Բադալբեյլին, Քյամալ Աբդուլլահը, Ազեր Փաշա Նեմատովն ու Իլհամ Ֆաթալիեւը: Հերթական այցը նախատեսվում է այս տարվա հուլիսին:



«Հակամարտությունը չի կարող հավերժ տեւել: Կան փախստականներ ու բռնի տեղահանվածներ, որոնք տուժում են այս հակամարտությունից»,-ասել է Գուլիեւը:



Նրա խոսքերով, եթե հակամարտությունն երկու երկրների միջեւ չի կարող կարգավորվել, ապա մտավորականությունն ու հանրության մյուս ակտիվ անդամները պետք է ավելի մեծ ջանքեր գործադրեն խնդրի հանգուցալուծման համար: «Այդ դեպքում հնարավոր կլինի առաջընթացի հասնել»-ասել է նա, գրում է TrendNews-ը:



Ադրբեջանի մտավորականության շարժումը ստեղծվել է 2003թ.: 2007-ին գրանցել է արդարադատության նախարարության կողմից որպես Ադրբեջանի մտավորականության միավորում: Կազմակերպության նպատակն է Ադրբեջանի մտավորականների իրավունքների պաշտպանությունն ու ընդդիմության եւ իշխանության միջեւ հաշտության հաստատումը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---