Հրաչյա Պետրոսյան. Անհնար է որոշել երկրաշարժի կոնկրետ վայրը եւ ժամանակը

PanARMENIAN.Net - «Երեկվանից Հայաստանի տարածքում արձանագրվել է 11 ցնցում, վերջին ցնցումը արձանագրվել է այսօր առավոտյան ժամը 08:44-ին, երբ տատանումների հաճախականությունը կազմել է 0,8, որը Ռիխտերի սանդղակով 1 բալ է, որը վկայում է այն մասին, որ ցնցումների ուժը թուլանում է, եւ խուճապի համար առիթներ չկան»,- այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Հրաչյա Պետրոսյանը:



«Չտեղեկացված մարդիկ միշտ խիզախ են իրենց դատողություններում: Երեկ քաղաքում լուրեր են տարածվել այն մասին, որ եւս մի երկրաշարժ տեղի է ունենալու սկզբից Երեւանում, հետո Աբովյան քաղաքի մոտ, եւ 2 «անհաջող» փորձերից հետո պարզվեց, որ Արամաս գյուղի մոտ: Խոսվում էր նաեւ երկրաշարժի «ստույգ ժամի» մասին»,- հայտարարել է նա:



«Ավերիչ երկրաշարժ Երեւանում վերջին անգամ գրանցվել է 1679-ին, որի ուժը կազմել է 10 բալ: Երեւանը սեյսմիկ գոտի չէ, մայրաքաղաքին ամենամոտ սեյսմիկ գոտին Փարաքար գյուղն է»,- հայտարարել է Պետրոսյանը, նշելով, որ ամենաուժեղ ցնցումները (մոտ 6 բալ) Երեւանում գրացվել են 1979-ին:



Հրաչյա Պետրոսյանը նաեւ ավելացրել է, որ ՍՊԱԿ-ում գործում է լաբորատորիա, որտեղ ակվարիումներում ապրում են հատուկ բրազիլական ձկներ, որոնց օգնությամբ սեյսմոլոգները փորձում են կանխատեսել երկրաշարժերը: Միաժամանակ նա ավելացրել է, որ երեկվա երկրաշարժից առաջ ձկների կողմից ոչ մի անհանգստություն չի նկատվել:





Պետրոսյանի խոսքերով անհնար է որոշել երկրաշարժի կոնկրետ վայրը եւ ժամանակը: Բայց նա չի բացառել, որ ժամանակի հետ դա էլ է հնարավոր լինելու:



Նրա տեսակետը կիսել է Հայաստանի ԱԻՆ Հատուկ ծառայության ղեկավարի խորհրդական, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը. «Մենք գիտենք, որ ապրում ենք սեյսմավտանգ գոտում, եւ պետք է պատրաստ լինենք երկրաշարժերի: Մենք արդեն տեսել ենք նման ուժեղ երկրաշարժ 1988-ին, եւ շատերի մեջ մինչեւ այժմ վախ կա: Հեշտ է վախեցնել վախեցած մարդուն, որը կեղծ լուրեր տարածելու առիթ է տալիս եւ հասարակության մեջ խուճապ ստեղծում»:



Նա նաեւ հայտարարել է. «Ոչ մի փորձագետ չի կարող կանխատեսել երկրաշարժ: Նման փորձեր արդեն եղել են ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, բայց դրանք միշտ ձախողվել են»: Գրիգորյանը նշել է, որ միայն Չինաստանում միլիարդավոր դոլար ծախսելուց հետո հասել են նրան, որ կարող են 30 վայրկյան առաջ կանխատեսել երկրաշարժը:



Հայաստանում նախօրեին տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Գառնի գյուղից 10 կմ հյուսիս: Երկրաշարժի տատանումների լայնույթը 3.25 է, որը Ռիխտերի սանդղակով 5 բալ է: Երեւանում եւ մոտակա բնակավայրեում ցնցումների ուժը կազմում է 3-4 բալ: Զոհեր եւ ավերածություններ չկան:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---