19 հունիսի 2009 - 20:09 AMT
Կրոնական եւ քաղաքական առաջնորդները պետք է միասին դիմակայեն մարտահրավերներին
Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինը մասնակցել է կրոնական առաջնորդների չորրորդ գագաթաժողովին, որը նվիրված էր Հռոմում «Մեծ ութնյակի» տեղի ունենալիք հանդիպմանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է կաթողիկոսի մամլո ծառայությունը: Արամ 1-ինը բացել է գագաթաժողովի աշխատանքը եւ ողջունել տարբեր կրոնական դավանանքների ներկայացուցիչներին: «Կրոնական եւ քաղաքական առաջնորդները պետք է միասին դիմակայեն մարտահրավերներին, որոնք ծառացած են մարդկության առաջ, քանի որ միանման մոտեցումները չեն կարող երաշխավորել համաշխարհային խնդիրների երկարատեւ լուծում»,- հայտարարել է Արամ 1-ինը: Գագաթաժողովի շրջանակներում շոշափվել են համաշխարհային տնտեսական ճգնաժամի եւ անվտանգության ապահովման հարցեր: Գագաթաժողովի մասնակիցներին ուղերձ է հղել Իտալիայի վարչպետ Սիլվիո Բերլուսկոնին:

Կրոնական գործիչների գագաթաժողովին ներկա էին քրիստոնեության, հուդայականության, իսլամի, բուդդիզմի, սինտոիզմի եւ այլ ավանդական կրոնների եւ միջկրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ աշխարհի 20 երկրներից: