19 հունիսի 2009 - 20:43 AMT
Հունիսի 21-ին Երեւանում երրորդ անգամ կնշեն Երաժշտության համաշխարհային օրը
Հայաստանում Ֆրանսիայի Դեսպանության եւ ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ հունիսի 21-ին Հայաստանում երրորդ անգամ կնշվի Երաժշտության համաշխարհային օրը: Այս տարի եւս, ձեւավորված ավանդույթի համաձայն, հունիսի 21-ին ժամը 18:00-ից մինչեւ ուշ երեկո մայրաքաղաքի կենտրոնական փողոցները, բացօթյա սրճարանների հարակից տարածքները, զբոսայգիներն ու հրապարակները ողողված կլինեն բազմաժանր երաժշտության հնչյուններով: Այս տարի ՀՀՄշակույթի նախարարության ջանքերով նախաձեռնությանը առաջին անգամ միանում են նաեւ ՀՀ բոլոր մարզերը` մարզային 24 քաղաքներով:

Տոնական համերգները կսկսվեն Շառլ Ազնավուրի անվ. հրապարակում Empyray, Dogma, The Beautifield Project, Vordan Karmir, E.V.A., Road Movie ռոք-խմբերի կատարումներով, որից հետո Սիրահարների այգում ելույթ կունենա The Beautifield Project, Menq եւ Loorr-ը:

Ժամը 22.00-23.30 դասական երաժշտության համերգ է սպասվում Կոնսերվատորիայի այգում, իսկ ֆրանսիական շանսոնը կհնչի Հաղթանակի զբոսայգում, որտեղ ելույթ կունենա ֆրանսուհի Նատալի Ժոլին: Երեկոն կավարտվի ջազ-համերգով «Պապլավոկ» սրճարանում, որտեղ հայ ջազ կատարողների հետ միասին հանդես կգան ֆրանսիացի ջազմեններ Ստեֆան Բելմոնդոն (շեփոր) եւ Էրիկ Լենինին (դաշնամուր):

18.00-24.00 բազմաժանր համերգներ տեղի կունենան նաեւ Հյուսիսային պողոտայում, «Մարիոթ Արմենիա » հյուրանոցի հարակից տարածքում, « Les amis de Jean-Jacques» (Թումանյան փողոց) ռեստորանի հարակից տարածքում, ինչպես նաեւ,« Փարիզյան սուրճ», « Studio Cafռ» (Աբովյան 25), «Square One» (Աբովյան 1), « Art Bridge» (Աբովյան 20) սրճարաններին հարող տարածքներում:

Երաժշտության տոնը սկիզբ է առել 1982թ. հունիսի 21-ին Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: Երաժշտության տոնն այսօր համաշխարհային մեծության առաջին երաժշտական միջոցառումն է եւ տոնվում է աշխարհի ավելի քան 110 երկրներում եւ 340 քաղաքներում : Այն ժողովրդական տոն է եւ նպատակ ունի հանրամատչելի դարձնել երաժշտական փորձն ու բոլոր սերունդներին հաղորդակից դարձնել երաժշտության տարբեր դրսեւորումներին, ինչպես նաեւ հնարավորություն տալ պրոֆեսիոնալ եւ ոչ պրոֆեսիոնալ կատարողներին ինքնադրսեւորվել հանպատրաստից համերգների միջոցով: