Հրապարակվել է «Ոսկե ծիրան» վեցերորդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմը

PanARMENIAN.Net - Հրապարակվել է «Ոսկե ծիրան» վեցերորդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմը: Հուլիսի 12-19-ը կայանալիք փառատոնի շրջանակներում կներկայացվեն երեք հիմնական մրցանակային ծրագրեր` Միջազգային խաղարկային կինո, Փաստագրական կինո եւ Հայկական համայնապատկեր: Այս երեք անվանակարգերում ներկայացված ֆիլմերը կգնահատեն ժյուրիի հինգ կոլեգիաներ:



Այսօր կայացած մամլո ասուլիսում փառատոնի հիմնադիրներից մեկը` Միքայել Ստամբոլցյանը ներկայացրել է ժյուրիի կազմը, որտեղ ընդգրկված են համաշխարհային մասշտաբի կինեմատոգրաֆիստներ: «Միջազգային խաղարկային կինո» ծրագրի ժյուրին կգլխավորի ճապոնացի ռեժիսոր Կոեյ Օգուրին: Ժյուրիի կազմում են` Համբուրգի կինոփառատոնի ղեկավար Ալբերտ Վիդերշպիլը, կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը, Պեդրո Ալմոդովարի առաջին պրոդյուսեր իսպանացի Պակո Պոշը եւ դերասան եւ սցենարիստ Էրիկ Պողոսյանը, որը կատարել է սցենարիստի դերը «Արարատ» ֆիլմում, վրաց ռեժիսոր Նանա Ջորջաձեն` «Սիրահարված սցենարիստի 1001 բաղադրատոմս» ֆիլմի հեղինակը, որի գլխավոր դերակատարը Ժերար Դեպարդյեն է:



«Ներկայացված ծրագրի որակն ու ժյուրիի որակավորման մակարդակը փառատոնի հիմնական մակարդակը որոշող փաստարկներից մեկն է»,-ասել է Միքայել Ստամբոլցյանը: «Նաեւ կինեմատոգրաֆիստներին հաճելի է, երբ իրենց աշխատանքները գնահատում են այնպիսի մեծություններ, ինչպիսիք են Կոեյ Օգուրին կամ Ալեքսանդր Ռոդնյանսկին»:



Միջազգային փաստագրական կինոյի մրցույթը կգլխավորի «Կինոտավրի» նախագահ եւ «ՍՏՍ» հեռուստաընկերության ղեկավար Ալեքսանդր Ռոդնյանսկին», ում հետ միասին իր առաջին քայլերն է արել կինոյում Հարություն Խաչատրյանը: Ժյուրիի կազմում կլինեն նաեւ ,International film guideե ամենամյա հանդեսի խմբագիր Մայք Վիդեմանը, Ստամբուլի «1001 գիշեր» փառատոնի հիմնադիրներից մեկը` Էնիս Ռըզան ու հայ օպերատոր Արտյոմ Մելքումյանը:



«Հայկական համայնապատկեր» մրցույթի ժյուրիի կազմում են` Էրիկ Նազարյանը (ԱՄՆ), Նորիկ Քեշիշյանը (Գերմանիա), Անետա Երզնկյանը (Հայաստան) եւ Գրիգոր Հարությունյանը (Հայաստան), իսկ կգլխավորի ժյուրին կինոպրոդյուսեր Հայկ Բալյանը Նիդերլանդներից:



Հիմնական անվանակարգերից բացի մրցութային ծրագրերում ներկայացված ֆիլմերը կգնահատեն նաեւ Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի ժյուրին` «ՖԻՊՐԵՍԻ» եւ էկումենիկ ժյուրին:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---