Ադրբեջանական ԶԼՄ-ների ապատեղեկատվության հերթական թիրախն է դարձել լեհ պատգամավորը

PanARMENIAN.Net - Հունիսի 16-17-ը Լեհաստանի Հանրապետության Սեյմի լեհ-ադրբեջանական պատգամավորական խմբի պատվիրակությունը խմբի փոխնախագահ, Ժողովրդական կուսակցության անդամ, պատգամավոր Վյեսլավ Վոդայի ղեկավարությամբ գտնվում էր Բաքվում: Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ այցի շրջանակներում լեհ խորհրդարանականը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնահարցում Լեհաստանը միանշանակ պաշտպանում է Ադրբեջանին եւ ճանաչում է նրա տարածքային ամբողջականությունը: Բացի դրանից, ադրբեջանական ԶԼՄ-ները Վյեսլավ Վոդեին են վերագրել այն, թե այցելելով Գուբայում գտնվողն այսպես կոչված «զանգվածային գերեզմանը», նա ասել է. «Ես ցնցված եմ տեսածից: Չեմ պատկերացնում, թե որքան պետք է մարդը լինի դաժան, որպեսզի խոշտանգի խաղաղ ազգաբնակչությանը: Գուբայի գերեզմանոցը պետք է պահպանել եւ ցուցադրել ամբողջ աշխարհին: Անհրաժեշտ է միջազգային իրավական գնահատական տալ հայերի վայրագություններին»:



Ադրբեջանական ԶԼՄ-ների ապատեղեկատվության հետ կապված Լեհաստանի Արտաքին գործերի նախարարը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է, որ ադրբեջանական ԶԼՄ-ներում ներկայացված փաստերը հիմնավորված չեն եւ չեն համապատասխանում իրականությանը: Լեհաստանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ Բաքվի «քարոզչական մեթոդներն» անցնում են բոլոր հնարավոր սահմանները: Բացի դրանից, ԱԳՆ-ը Ադրբեջանում Լեհաստանի դեսպանին հրահանգ է տվել պաշտոնական բողոք արտահայտել եւ տեղի ունեցածի վերաբերյալ բացատրություններ պահանջել:



Հերթական հակահայկական քարոզչության դրսեւորման հետ կապված` Լեհաստանում Հայաստանի դեսպանը հունիսի 18-ին լեհական Սեյմում հանդիպել է Ժողովրդական կուսակցության նախագահ Ստանիսլավ Ժելիխովսկու հետ: Զրույցի ընթացքում Ժելիխովսկին ընդգծել է, որ Վյեսլավ Վոդան տեղեկացված չի եղել գերեզմանոցի մասին, եւ այնտեղ այցելելու փաստն օգտագործվել է ադրբեջանական կողմից հակահայկական քարոզչության համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---