17 փետրվարի 2026 - 19:01 AMT
Ըստ դատավճռի՝ Վարդանյանը 10 տարի կպահվի բանտում, 10 տարի՝ խիստ ռեժիմի գաղութում

Բաքվի ռազմական դատարանը հայտնի գործարար և բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին շինծու մեղադրանքներով դատապարտել է 20 տարվա ազատազրկման, որից 10 տարին՝ բանտում, 10 տարին՝ խիստ ռեժիմի գաղութում, հայտնում է Minval.az-ը:

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ դատավճիռը, որը կայացվել է Բաքվի դատարանում, նման է դատավճռի հայ ժողովրդի դեմ՝ որպես ամբողջություն:

Կոչ է արվում միջազգային առաջնորդներին, միջազգային իրավունքին համահունչ, ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցները Վարդանյանի և մյուս հայ դատապարտյալների ազատությունն ապահովելու և իրավունքները պաշտպանելու համար:

Ռուբեն Վարդանյանին վերագրվել են «խաղաղության և մարդկության դեմ հանցագործություններ, պատերազմական հանցագործություններ, ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում», թեև նա երբևէ չի մասնակցել ռազմական գործողությունների և չի եղել Արցախի տարածքում պատերազմի ժամանակ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում, պատասխանելով France 24 հեռուստաալիքի թղթակցի հարցերին, մերժել է Արցախի ղեկավարներին «ներում շնորհելու հնարավորությունը»: Նա հաստատել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը բարձրացրել է հայ գերիների հարցը Բաքու այցի ժամանակ՝ հավելելով, որ ինքը շարադրել է Բաքվի դիրքորոշումն այդ հարցում, և դրանով քննարկումն ավարտվել է: