Աշխատանքի միջազգային կազմակերպությունը հավանություն է տվել զբաղվածության գլոբալ պակտին

PanARMENIAN.Net - Ժնեւում ավարտվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը, որի արդյունքում հավանություն ստացավ Զբաղվածության գլոբալ պակտը, հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը:



Փաստաթղթում մի շարք միջոցառումներ են առաջարկվում, ուղղված տնտեսական ճգնաժամի հետեւանքների հետ պայքարին: Պետություններին առաջարկվում է գործել իրավիճակին համապատասխան եւ միաժամանակ մի քանի մակարդակներով ու մի քանի ոլորտներում:



Փաստաթղթում կոչ է արվում ստեղծել ֆինանսական հատվածի վերահսկման առավել հզոր ու ճկուն համաշխարհային համակարգ, որը կնպաստի համաշխարհային տնտեսության իրական զարգացմանը, կսատարի ձեռներեցների նախաձեռնություններին եւ աշխատանքի ընդունելի պայմանների ստեղծմանը, ինչպես նաեւ կնպաստի քաղաքացիների կուտակումների եւ թոշակների պահպանմանը: Պակտի հեղինակները ցանկանում են, որ շուկաների եւ առեւտրի գործունեությունը ազատ լինի հովանավորչությունից եւ շահավետ լինի բոլորի համար: Փաստաթղթում կոչ է արվում զարգացնել էներգիայի այլընտրանքային աղբյուրները, խթանելու համար նոր աշխատատեղերի ստեղծումը:



Գլոբալ պակտի հեղինակները գտնում են, որ կառավարությունները պետք է ներդրումներ անեն հանրային ենթակառուցվածքներում, հատուկ ծրագրեր մշակեն, ուղղված աշխատատեղերի ավելացմանը, սոցիալական պաշտպանվածության համակարգի զորացմանը եւ օրենքներ ընդունեն նվազագույն աշխատավարձի մասին: Նման միջոցները, հատկապես զարգացող երկրներում, կնպաստեն աղքատության դեմ պայքարին, կնպաստեն պահանջարկի ավելացման ու տնտեսության աճին: Հեղինակները կոչ են անում անդամ երկրներին եւ հումանիտար կազմակերպություններին միջոցներ հատկացնել փաստաղթղում նշված դրույթները կյանքի կոչելու համար:



Դանիել Ֆունես դը Ռիոխան` Աշխատանքի միջազգային կազմակերպության կոմիտեի նախագահը հայտարարել է, որ աշխատատուները, արհմիությունները եւ կառավարությունները որոշակիացրել են իրական ու գործնական մոտեցումները ճգնաժամի լուծմանը: «Այժմ սկսվում է հիմնական աշխատանքը»,-հայտարարել է դը Ռիոխան: «Այժմ Աշխատանքի միջազգային կազմակերպությունը, արհմիությունները, աշխատատուները եւ հատկապես կառավարությունները պետք է առաջարկները վերածեն իրական միջոցառումների, որի արդյունքում կստեղծվեն նոր աշխատատեղեր, կաճի տնտեսությունը եւ բնակչության եկամուտները»,-ասել է նա:



Աշխատանքի միջազգային կազմակերպության եռօրյա գագաթնաժողովին մասնակցել են 183 երկրների շուրջ 4 հազար պատվիրակներ:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---