
Արցախցիները դիմում են ՀՀ քաղաքացիության ստացման գործընթացի ձգձգման խնդրով, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Ըստ նրա՝ հատկապես ընտրությունների նախաշեմին «նման արհեստական խոչընդոտների ստեղծումը անթույլատրելի է և կասկածի տեղիք է տալիս»։
«Ամենօրյա ռեժիմով մեր հայրենակիցներից ստանում եմ նամակներ և զանգեր, որոնք վերաբերում են անձնագրերի, այդ թվում՝ նույնականացման քարտերի ստացման ժամկետների հարցին։ Բանն այն է, որ հերթագրվելու դեպքում միայն ամիսներ հետո կարող ես ձեռք բերել կամ թարմացնել անձնագիրդ, ինչն էլ առաջացրել է մեր հայրենակիցների արդարացի զայրույթը։
Պարբերաբար անդրադառնալով հարցին՝ նշել ենք, որ համակարգը ծանրաբեռնված է, անհրաժեշտ են կոնկրետ քայլեր, որպեսզի հատկապես մայրաքաղաքի բնակիչները ստիպված չլինեն հերթագրվելու ՀՀ մարզերում՝ ժամանակը մի փոքր կրճատելու համար։
Վստահ եմ, որ լուծում գտնելը և այսպիսի ոչ մեծաքանակ բնակչությանը պատշաճ սպասարկելը խրթին հարց չէ։ Նման աննախադեպ հերթերի դեպքում կարելի է ընդլայնել անձնագրային բաժինները, համալրել անձնակազմը»,-ասվում է գրառման մեջ:
Դանիելյանը նշել է, որ նկարագրված խնդիրների պարզաբանման վերաբերյալ գրավոր հարցումներ է ուղղել պատկան մարմիններին:
ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: