25 փետրվարի 2026 - 17:21 AMT
Թանդիլյան․ Թոշակառուների խոցելի վիճակը նախընտրական խաղալիք դարձնելն ամոթ է

Թոշակների բարձրացումը ծայրահեղ անհրաժեշտություն է, դա անելը զուտ «սեփական աթոռը պահելու համար՝ ծայրահեղ բարոյազուրկ դրսևորում», ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:

Նա հավելել է, որ թոշակառուների խոցելի վիճակը նախընտրական խաղալիք դարձնելն ամոթ է:

«Երբ թոշակների բարձրացումը իրականացվում է ընտություններից մի քանի ամիս առաջ, չնայած ընդամենը հունվար ամսին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «եթե մենք, օրինակ, 20,000 դրամով բարձրացնենք թոշակը, միևնույն է, խնդիրները չեն լուծվելու», խոսում է այն մասին, որ իշխանության գործողությունների նպատակը բացառապես սեփական դիրքերի պահպանումն է գահավիժող վարկանիշի ֆոնին։ Սա նշանակում է, որ այդ հնարավորությունն առկա է եղել, բայց չեն արել՝ հույս ունենալով, որ դա կօգտագործեն իրենց պարգևավճար տալու համար։ Ու հենց դրա համար թոշակառուները պետք է պատժեն այս վարքագիծը՝ զրո ձայն տալով։

Ամո՛թ է թոշակառուների խոցելի վիճակը նախընտրական խաղալիք դարձնելը։

Թոշակառուները, ամբողջ հասարակությունը պետք է հասկանան, որ կարճաժամկետ պոպուլիստական քայլերն իրենց հետևում թաքցնում են վտանգներ, որոնք կհանգեցնեն լուրջ խնդիրների մեր պետության և ամբողջ բնակչության համար, իսկ դրա գինը հազարապատիկ բարձր է, քան 10,000 դրամը»,-գրել է նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլի 1-ից կենսաթոշակները կբարձրանան։ Նա նշել էր, որ ավելի մանրամասն հաշվարկները ավելի ուշ կներկայացնեն՝ համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10,000 դրամով, իսկ ավելի բարձրերը՝ ավելի քիչ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ բոլորի կենսաթոշակները բարձրանալու են 10,000 դրամով, քանի որ բարձրանում է հիմնական կենսաթոշակը: