
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վրացական Սիղնաղի քաղաքում հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ, քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ գործընկերության օրակարգային մի շարք հարցեր:
Նրանք նաև ընդգծել են Մերձավոր Արևելքում երկու երկրների ռեզիդենտ դեսպանությունների միջոցով քաղաքացիներին հնարավոր աջակցություն ցուցաբերելու հարցում համագործակցության կարևորությունը։
Արարատ Միրզոյանը և Մակա Բոճորիշվիլին անդրադարձել են նաև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։ Նախարարները կարևորել են լարվածության նվազեցման և խնդիրների խաղաղ ճանապարհով կարգավորման ուղղությամբ իրականացվող ջանքերը՝ շեշտելով խաղաղության պայմաններում առկա հնարավորություններն ու առավելությունները։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության հեռանկարների շուրջ։
Ընդգծվել է, որ երկու երկրների տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի նախապատրաստումն ու անցկացումը հանդիսանում է ակտիվ փոխգործակցության հերթական դրսևորում։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ: