4 մարտի 2026 - 18:35 AMT
Գևորգյան․ Մեզ մեղադրանք առաջադրեցին մի հոդվածով, որով մեղադրանք չկար

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստում Հակակոռուպցիոն դատարանը դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ շարունակել է գործով մեղադրյալներից ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպանի ներկայացրած միջնորդության քննարկումը։ Օհանյանի պաշտպանն միջնորդել է դադարեցնել նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը։

Պաշտպան Լուսինե Սահակյանը դատարանում նշել է, որ պետք է հստակ որոշել՝ արդյոք գործընթացում առաջնորդվում են օրենքով, թե ոչ, հայտնում է Aravot.am-ը:

Նրա խոսքով՝ արդեն եղել են Ազգային ժողովի քննարկումներ, որոնց ընթացքում հիշատակվել են դեպքեր, երբ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել մինչև պատգամավոր դառնալը, իսկ պատգամավոր ընտրվելուց հետո նույն փաստերով մեղադրանքի փոփոխության դեպքում իրականացվել է խորհրդարան մտնելու և անձեռնմխելիությունից զրկելու համապատասխան ընթացակարգ։

Նրա գնահատմամբ՝ այս դեպքում նման քայլ չի արվել, ինչը կարող է վկայել խտրական մոտեցման մասին կամ այն մասին, որ տարբեր իրավիճակներում օրենքը կիրառվել է տարբեր կերպ։

Պաշտպանի ելույթից հետո իր դիրքորոշումն է ներկայացրել նաև նույն գործով անցնող ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

«Մենք անընդհատ շեշտադրում ենք անում մեր ներքին օրենսդրության վրա, բայց պետք է հաշվի նստենք ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների հետ: Հիմա ասել, որ մենք ունենք ներքին խնդիր եւ այլն, դա Սահմանադրության օգտին չի, չի առնչվում, որովհետեւ եթե ՀՀ-ն ստանձնել է միջազգային պարտավորություններ, դրանք վերադաս կարգավիճակ ունեն մեր օրենսդրությանը:

Այս դատավարության շրջանակներում ունեցել ենք շատ տարօրինակ իրավիճակ, երբ միջնորդել ենք դատարանին ստանձնած պարտավորությունների շրջանակում ճանաչել իրեն իմ անձեռնմխելիության մասով համապատասխան լիազորված մարմին, դատարանը որոշում է կայացրել, որ ՀՀ օրենսդրությամբ նման պարտավորություններ չունի: Անցած տարի հոկտեմբերի 3-ին ԵԽԽՎ-ն ընդունել է բանաձեւ, որ որեւէ իրավական մարմին կամ դատավոր չունի հայեցողական իրավունք որոշի՝ մարմին չէ:

Կամ որ ասում եք, թե մեր մասով չկա արդարացման որոշում, իսկ ինչից պետք է արդարացված լինեին էս մարդիկ: Հլը իմը մի կողմ թողնենք, եւս երկու այլ հոդվածներով մեղադրանք կա: Երբ որ մենք՝ Սեյրան Օհանյանի հետ ընտրվել ենք պատգամավոր 2021-ին, այդ հոդվածով, որով մեզ մեղադրանք էին առաջադրում, մեղադրանքը գոյություն չի ունեցել: Այսինքն՝ մենք մեղադրանք չենք ունեցել: Հիմա մենք ի՞նչն ենք քննարկում, ինչի՞ց պետք է մեզ արդարացնեին հետագայում»,- իր խոսքը եզրափակել է Գևորգյանը։

Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Սարգիս Պետրոսյանը որոշում է կայացրել ընդունել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ նոր մեղադրանքի որոշումները։ Այսինքն՝ թույլատրել է, որ հանրային մեղադրողը փոփոխի նրանց մեղադրանքը:

Արմեն Գևորգյանն ու Սեյրան Օհանյանն Ազգային ժողովի պատգամավոր են և ունեն անձեռնմխելիության սահմանադրական երաշխիքներ: Սա նշանակում է, որ նրանց նկատմամբ չի կարող հետապնդում հարուցվել առանց Ազգային ժողովի համաձայնության: Նրանք հարց բարձրացրին՝ արդյոք նոր մեղադրանքի որոշումներ ընդունելը նշանակում է, որ իրենց նոր մեղադրանք է ներկայացվել: Դատավոր Սարգիս Պետրոսյանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում, երբ փոխվում էր մեղադրանքը, անձին նոր մեղադրանք է ներկայացվում, սակայն այս գործով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է 2018-ին: Սեյրան Օհանյանն ու Արմեն Գևորգյանը պնդում են, որ իրենց անձեռնմխելիության իրավունքը խախտվել է: