22 հունիսի 2009 - 14:42 AMT
Տարածաշրջանում ՌԴ գլխավոր շահը կայունությունն է
Հայ-ռուսական հարաբերությունները կարելի է բնութագրել որպես լավ, Հայաստանը ՌԴ ռազմավարական գործընկերն է: Այդ մասին «Հայաստանը հաղորդակցությունների խաչմերուկում» խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ չորրորդ դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Կելինը: Նրա խոսքերով, դա առավել նկատելի դրսեւորում է ստացել ֆինանսական ճգնաժամի ընթացքում, երբ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին 500 մլն դոլարի չափով կայունացման վարկ էր հատկացրել: «Ռուսական կապիտալն իրեն Հայաստանում լավ է զգում, մենք բազմաթիվ համատեղ ձեռնարկություններ ունենք, ակտիվորեն համագործակցում ենք էներգետիկայի, հատկապես ատոմային էներգիայի ոլորտում»:

«Ռուսաստանը հատուկ գոհունակությամբ է ընդունել Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու փաստը, ինչը մեր ռազմավարական հարաբերությունների ապացույցն է: Ռուսաստանի գլխավոր շահը կայունություն է, եւ մենք այդ առումով համագործակցում ենք նաեւ Ադրբեջանի հետ: Սակայն, ի տարբերություն Երեւանի, Բաքուն չի մասնակցում ինտեգրման գործընթացներին, որոնց հեղինակը Ռուսաստանն է», - նշել է Կելինը:

Ռուս դիվանագետը նաեւ ընդգծել է, որ Մոսկվան ողջունում է Կովկասում անվտանգության եւ կայունության պլատֆորմի Թուրքիայի նախաձեռնությունը: «Մենք չգիտենք թե ինչպես կզարգանան հայ-թուրքական հարաբերությունները, սակայն Մոսկվան բոլոր դեպքերում ողջունում է այդ քայլը եւ կարծում է, որ այն կդառնա տարածաշրջանում կայունության ամրապնդման եղանակներից մեկը: Սակայն, միեւնույն ժամանակ, հարաբերությունների կարգավորումը չպետք է հակասի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, այդ գործընթացները պետք է զուգընթաց լինեն: Եթե երբեւէ առաջխաղացում լինի ղարաբաղյան հարցում, ապա այն կայունացնող գործոն կհանդիսանա տարածաշրջանում», - ընդգծել է Կելինը: