
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը երախտագիտություն է հայտնել միջազգային գործընկերներիn ստացված աջակցության հայտարարությունների, նամակների և հեռախոսազանգերի համար՝ Նախիջևանի տարածքում իրանական անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո։ Գրառմանը կից նկարում պատկերված է նաև Հայաստանի դրոշը, հայտնում է 1lurer.am-ը:
«Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանին ցուցաբերած համերաշխությունը և մեր երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության աջակցության հստակ վերահաստատումը»,- ասված է հայտարարությունում։
Բաքուն շնորհակալություն է հայտնել բոլոր այն երկրներին և միջազգային կազմակերպություններին, որոնք, ինչպես նշվում է հաղորդագրությունում, «այս ընթացքում կանգնած էին Ադրբեջանի կողքին»։
Հաղորդագրությանը կից հրապարակված պատկերում ներկայացված է նաև Հայաստանի պետական դրոշը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրանն ԱԹՍ-ներով հարվածել է Նախիջևանի օդանավակայանին: Եվս մի քանի անօդաչու թռչող սարքեր ընկել են այլ տարածքներում։ Ավելի ուշ հաղորդվել է, որ ԱԹՍ-ներից մեկն ընկել է դպրոցի հարևանությամբ: Բաքվում Իրանի դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ, հանձնվել է բողոքի նոտա: