
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 11-ին ելույթ կունենա Եվրախորհրդարանում: Այդ մասին ասվում է Եվրախորհրդարանի պաշտոնական կայքում։
Նշվում է, որ Ստրասբուրգում Փաշինյանի ելույթը տեղի է ունենում հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, որոնք, ինչպես սպասվում է, կորոշեն «երկրի արագ զարգացող հարաբերությունների ապագա ընթացքը և հարևան Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը»։
ՀՀ կառավարությունը հանձնառություն է ստանձնել Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ինչպես նաև, Արևմուտքի հետ մերձեցման և ապագայում ԵՄ-ին հնարավոր անդամակցության հարցերում», - ասվում է հրապարակման մեջ:
Նշվում է նաև, որ Եվրամիությունն այժմ ՀՀ հետ վիզաների ազատականացման երկխոսության մեջ է, իսկ մայիսի 5-ին Երևանում կայանալու է ԵՄ-ՀՀ գագաթնաժողովը:
Սա կլինի Եվրախորհրդարանում Փաշինյանի երկրորդ ելույթը՝ 2023 թվականին տեղի ունեցած նախորդ այցից հետո։