22 հունիսի 2009 - 12:14 AMT
Անդրեյ Մակարեւիչը կոչ է արել համատեղ ջանքերով փրկել «Կիլիկիան»
Երեւանում, Մատենադարանի առջեւ տեղակայված «Կիլիկիա» առագաստանավի առջեւ հունիսի 20-ին տեղի է ունեցել ռուսական ռոքի լեգենդ, «Մաշինա վրեմենի» խմբի մենակատար Անդրեյ Մակարեւիչի ստեղծագործական երեկոն: Նա Հայաստան է ժամանել մի ակցիայի շրջանակներում, որի նպատակն է հանրության եւ ՀՀ կառավարության ուշադրությունը սեւեռել նավը կորցնելու վտանգի վրա:

«Նավը կարող է նավարկել օվկիանոսում կամ կանգնած լինել թանգարանում, սակայն այն չի կարող կանգնել կիզիչ արեւի կամ հորդառատ անձրեւի տակ, ինչից նա կարող է փշրվել եւ դա անդառնալի կորուստ կլինի»,-ասել է Մակարեւիչը: «Նավը փրկելու երկու միջոց կա` պետական ֆինանսավորումը, իսկ եթե իշխանությունները ականջալուր չլինեն, ստիպված կլինենք կիրառել երկրորդ միջոցը` հավաքել կոպեկ առ կոպեկ եւ այդ գումարով թանգարան կառուցել, թեեւ բավականին նվաստացուցիչ է գնալ եւ խնդրել»,-ասել է երաժիշտը:

Արդեն երրորդ տարին է Կիլիկիա» առագաստանավը կանգնած է բաց երկնքի տակ` սպասելով ծովի թանգարանի կազմակերպման հարցի լուծմանը: Միջնադարյան տեխնոլոգիաներով կառուցված նավը մշտական խնամքի եւ համապատասխան պայմանների կարիք ունի:

«Ես ծանոթացել եմ «Կիլիկիայի» գաղափարին դեռ այն ժամանակ, երբ նա կառուցման ընթացքում էր: Նույնիսկ ցանկանում է «Այասի» տղաների հետ մեկնել ճամփորդության, սակայն խիտ գրաֆիկը թույլ չտվեց, որի մասին ես շատ եմ ափսոսում: Հնարավոր է, Երեւան իմ այցով ես մասնակիորեն փորձում եմ քավել իմ մեղքը»,-ասել է Մակարեւիչը:

Ըստ Ա.Մակարեւիչի, Ռուսաստանում հաճախ է խոսք գնում ազգային գաղափարի մասին: Ըստ նրա հայկական ազգային գաղափարը հենց «Կիլիկիան» է: Նա նաեւ հավելել է, որ այն ժողովուրդը, որը չի պահպանում իր անցյալը, ապագա չի կարող ունենալ:

Երաժիշտը հույս է հայտնել, որ մինչ իր հաջորդ այցելությունը «Մաշինա վրեմենի» խմբի հետ, որը տեղի կունենա սեպտեմբերին, առագաստանավի հետ կապված բոլոր խնդիրները կլուծվեն:

Ստեղծագործական երեկոյի ժամանակ տեղի ունեցավ Մակարեւիչի մակագրությամբ «Կիլիկիայի» ուղեւորության մասին պատմող ֆիլմի սկավառակների բարեգործական վաճառք: Մինչ երեկոյի ավարտը բոլոր սկավառակները վաճառվել էին:

«Կիլիկիա» միջնադարյա հայկական առագաստանավը կառուցվել է հինավուրց գծագրերով Ծովային հետազոտությունների «Այաս« ակումբի անդամների կողմից, անցել է Եվրոպայի շուրջ` այցելելով 52 երկրների 62 նավահանգիստ: 11 տարի, չնայած բազում դժվարությունների, մենք կառուցում էինք այս առագաստանավը, որը դարձավ մեր ժողովրդի ոգու ու միասնության խորհրդանիշը: Երկու տարի տեւած ուղեւորության ժամանակ բազում մարդիկ տարբեր երկրներում ծանոթացան հայ ծովագնացության վառ պատմության հետ` արժանին մատուցելով «հայ նավաստիների ժամանակակից սխրանքին»: