22 հունիսի 2009 - 17:11 AMT
Հայաստանի քաղաքացիական հասարակությունը կարող է ազդել ADB-ի վարկային ծրագրերի գերակայությունների վրա
Հայաստանի քաղաքացիական հասարակությունը եւ հասարակական կազմակերպությունները բավարար ներուժ ունեն` Զարգացման ասիական բանկի վարկային ծրագրերի գերակայությունների վրա ազդելու համար, այսօր Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի գրասենյակում կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ ասել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ՀԿ-ների ֆորումի ցանցի զարգացման համակարգող Ավիլաշ Ռոուլը: «ADB վարկային ծրագրերի նախագծերը ընտրվում են առանց բավարար հիմնավորվածություն, քանի որ հաշվի չեն առնվում տարածաշրջանի երկրների բնակչության քաղաքացիական իրավունքները: Հայաստանը, իմ կարծիքով, տարածաշրջանի բոլոր երկրներից բավարար ներուժ ունի այդ իրավունքների պաշտպանության համար, իսկ Հայաստանում հասարակական կազմակերպությունները բավականին ուժեղ են` ADB-ի ռազմավարության վրա ազդելու համար», - ասել է նա:

Նրա խոսքերով, տարածաշրջանում աղքատության նվազեցմանն ուղղորդված ADB-ի ծախսերն աճել են երկու անգամ, իսկ արդյունքները մնացել են անբավարար: «Լոնդոնում G8 գագաթնաժողովի ժամանակ որոշում էր կայացվել ֆինանսավորումը մեծացնել մինչեւ 20 մլն դոլարի, սակայն վարկային միջոցների մեծացումը զուգընթաց չէ իրականացվող ծրագրերի արդյունքներին, տարածաշրջանում իրավիճակը կարող է էլ ավելի վատթարանալ», - նշել է Ավիլաշ Ռոուլը: Այդ առնչությամբ նա նշել է, որ 2009 թվականին ֆինանսավորումը կազմել է 10,2 մլրդ դոլար:

Իր հերթին, Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ՀԿ-ների ֆորումի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի համակարգող Մայա Երալիեւան ավելացրել է, որ «ԱԶԲ ՀԿ-ների ֆորում»-ը զբաղվում է տարածաշրջանի քաղաքացիների զարգացման իրավունքների մոնիտորինգով ոչ միայն բնապահպանության, այլեւ սոցիալական, տնտեսական ոլորտներում: «Ֆորումը ստեղծվել է 1992 թվականին որպես ոչ կառավարական ցանց, որը զբաղվում է բանկի գործունեության մոնիտորինգով, քանզի բանկը չէր կատարում իր վրա դրված առաքելությունը», - ասել է նա: Ինչպես նշել է Երալիեւան, բանկի վարկային նախագծերի ֆինանսավորումը կատարում են դոնոր անդամները, որոնք վարկային միջոցներ են ուղղորդում այնպիսի երկրներին, ինչպիսիք են Հայաստանը, Պակիստանը եւ ուրիշներ, ուստի բանկը պետք է հաշվետու լինի բոլոր ծրագրերի առնչությամբ իր գործունեության համար, ինչպես նաեւ հարկավոր է ապահովել տեղեկատվության մատչելիությունը բոլոր ցանկացողների համար: