22 հունիսի 2009 - 18:18 AMT
Հայաստանը կարող է օգնել, որպեսզի Արեւմուտքը պայմանավորվի Իրանի, իսկ Ռուսաստանը` Թուրքիայի հետ
«Հայաստանը տարածաշրջանի առանցքային երկիր է եւ միակն է, որ կարող է ԱՄՆ-ին ու Եվրոպային պլատֆորմ տրամադրել Իրանի եւ Ռուսաստանի հետ երկխոսության համար»,- «Հայաստանը հաղորդակցությունների խաչմերուկում» միջազգային համաժողովին հայտնել է Ազգային եւ ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի (ACNIS) տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը: Նրա խոսքով, Հայաստանը կարող է օգնել, որպեսզի Արեւմուտքը պայմանավորվի Իրանի, իսկ Ռուսաստանը` Թուրքիայի հետ: Դրա հետ մեկտեղ Գիրագոսյանը նշել է, որ «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությունը ՆԱՏՕ-ի ընդլայնում եւ ՌԴ համար սպառնալիք չի հանդիսանում: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ACNIS-ի տնօրենը ենթադրում է, որ Հայաստանի մարտահրավերները բխում են ոչ թե Թուրքիայից կամ Ադրբեջանից, այլ երկրի ներսից: «ԱՄՆ, Եվրոպան եւ Ռուսաստանը ցանկանում են Հայաստանին թույլ, բայց կայուն տեսնել: Մինչդեռ Հայաստանն այժմ կարող է դառնալ թույլ եւ անկայուն: Մենք լուրջ ռազմավարական հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, բայց հարկավոր է, որպեսզի այդ հարաբերությունները լինեն հավասարակշռված, այլ ոչ թե վասալական: Ռուսաստանը միշտ ավելի մոտ է եղել եւ լինելու Հայաստանին, քան ԱՄՆ-ին կամ Եվրոպային, սակայն նա նույնպես պետք է հավասարակշռի իր դիրքորոշումը Հայաստանի առնչությամբ»,- ասել է Գիրագոսյանը: