22 հունիսի 2009 - 20:05 AMT
Տիգրան Սարգսյան. ԼՂՀ տնտեսությունը պետք է ավելի արագ զարգանա, քան Հայաստանի տնտեսությունը
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 20-21-ը աշխատանքային այցով գտնվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում: «Բրիջ Արցախ» տնտեսական համաժողովին մասնակցող պատվիրակության կազմում էին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը առանձնազրույց է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Այնուհետեւ նա մասնակցել է «Բրիջ Արցախ» տնտեսական համաժողովին, որը կազմակերպվել էր Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության եւ «ՄԱՍՏԵՐ» միջազգային ինտեգրացման աջակցության կենտրոնի միջոցով:

«Պետություն եւ բիզնես.երկխոսությունից դեպի համագործակցություն» թեմայով համաժողովի օրակարգում Արցախի եւ նրա տնտեսության առկա խնդիրների նկատմամբ հայաստանյան եւ օտարերկրյա գործարարների մեջ հետաքրքրքություն առաջացնելու եւ ներդրումների համար գրավիչ դարձնելու հարցերն էին:

Բացելով համաժողովը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Սփյուռքին եւ Հայաստանին` տարիներ շարունակ ցուցաբերած մարդասիրական օգնության համար եւ ընդգծել, որ Ղարաբաղի բնակչության բարեկեցության հիմքը առաջին հերթին Հայաստանի հետ փոխշահավետ առեւտրատնտեսական կապերի խորացումն ու ընդլայնումն է:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ելույթում շեշտել է համաժողովին մեծ թվով գործարարների մասնակցությունը, ինչը կարեւոր ազդակ է բիզնես-միջավայրի ձեւավորման առումով: Արցախի ամենահեռանկարային ոլորտներն են գյուղատնտեսությունը, լեռնահանքային եւ վերամշակող արդյունաբերությունը, էներգետիկան, զբոսաշրջությունը: Սակայն կարեւոր է, որ գործարարներն իրենք «բիզնեսի աչքով» տեսնեն եղած հնարավորությունները եւ զարգացման հեռանկարները: ՀՀ կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի ԼՂՀ տնտեսությունը ավելի արագ զարգանա, քան ՀՀ տնտեսությունը: ԼՂՀ բնակչության կենսամակարդակը նույնպես պետք է ավելի բարձր լինի, քանի որ Արցախում լուծվում են ոչ միայն տեղի բնակչության, այլեւ Հայաստանի ու հայ ժողովրդի ազգային ինքնության, Հայկական աշխարհի խնդիրները:


Երեկոյան ՀՀ վարչապետն առանձնազրույց է ունեցել գործընկերոջ` Արայիկ Հարությունյանի հետ: Այնուհետեւ ԼՂՀ կառավարությունում տեղի է ունեցել երկու պետությունների կառավարությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված նիստ: Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման ընթացքը, ներկա իրավիճակն ու ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանն ուղղված քայլերը: Վարչապետները կարծիքներ են փոխանակել նաեւ ԼՂՀ-ում ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման քայլերի վերաբերյալ, ընդգծելով, որ կառավարությունների հիմնական նպատակն է տնտեսական աճի խթանմանն ուղղված միջոցառումների, մասնավորապես` փոքր եւ միջին բիզնեսի զարգացման խրախուսումը:

Նիստում ամփոփվել են մինչ այդ տեղի ունեցած հանդիպումների եւ քննարկումների արդյունքները, նախանշվել համագործակցության առաջիկա ուղղություններն ու ծրագրերը:

Նիստից հետո երկու պետությունների կառավարությունների անդամները` վարչապետների գլխավորությամբ ներկա են եղել Շառլ Ազնավուրի անվան մշակութային կենտրոնում կազմակերպված համերգային ծրագրին:

Երեկ երեկոյան ՀՀ կառավարական պատվիրակությունը վերադարձել է Երեւան: