23 հունիսի 2009 - 13:17 AMT
Գերմանիան պնդում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան մասնակցեն «Արեւելյան գործընկերության» նախագծերին
Գերմանիան պնդում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան մասնակցեն նախագծերին, որոնք իրականացվելու են «Արեւելյան գործընկերության» շրջանակներում: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարության Արեւելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի ու Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Հանս-Դիտեր Լուկասը «Ռուսաստանը, Ուկրաինան ու Արեւելյան գործընկերությունը» թեմայով խորհրդաժողովում, որի կազմակերպիչն է Գերմանիայի ոչ կառավարական Արտաքին քաղաքականության խորհուրդը:

«Բրյուսելում Գերմանիայի կառավարությունը պնդում էր, որ «Արեւելյան գործընկերության» նախագծերը մշակվեն, հաշվի առնելով Ռուսաստանի ու Թուրքիայի շահերը»,-ասել է նա: Ընդ որում, գերմանացի դիվանագետը ուշադրություն է դարձրել նրան, որ Ռուսաստանը դժգոհ է «Արեւելյան գործընկերությունից»: «Ամեն ինչ կախված է նրանից, թե ցանկանում ենք մենք արդյոք հարաբերությունները կառուցել մրցակցության սկզբունքնի վրա եւ, ինչպես նախկինում, հաջողության չհասնել, թե համագործակցել: Ինձ թվում է, ԵՄ-ի պատասխանը միանշանակ է` դա երկրորդ տարբերակն է: Ուստի մենք հակասություն չենք տեսնում «Արեւելյան գործընկերության» եւ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության միջեւ»,-ընդգծել է Գերմանիայի հատուկ ներկայացուցիչը:

«Արեւելյան գործընկերության» հիմնադիր գագաթնաժողովը տեղի ունեցավ մայիսի 7-ին Պրահայում: «Արեւելյան գործընկերությունը» Եվրամիության նոր նախաձեռնությունն է, որ առաջարկվել է 2008-ին եւ ուղղված է արեւելյան երկրների` Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի ու Ուկրաինայի հետ համագործակցության զորացմանը: Ըստ ԵՄ-ի որոշման, «Արեւելայն գործընկերության» ծրագրի իրականացումը նախատեսվում է հատկացնել 600 մլն եվրո 2009-2013թթ.-ին: