23 հունիսի 2009 - 15:11 AMT
Իրանի նախկին շահի որդին սատարում է ընդդիմությանը
Իրանի նախկին շահ Մոհամմեդ Ռըզա Փեհլեվիի որդին` Ռըզա Փեհլեվին համերաշխություն է հայտնել Իրանի իսլամական ռեժիմի դեմ բողոքողներին` ելույթ ունենալով Վաշինգտոնի ազգային մամլո ակումբում: «Եկել է ճշմարտության պահը. Իրանի ժողովուրդը պետք է իմանա, թե ով է կանգնած իր կողքին»,-հայտարարել է Փեհլեվին: Նա համեմատել է այժմյան ռեժիմը սուզվող «Տիտանիկի» հետ եւ դա, ըստ Փեհլեվիի, կարող է երկրի վերջը լինել, եթե նա ականջալուր չլինի ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանությանը:

«Սակայն փոփոխություններն արդեն իսկ սկսվել են: Կան հաղորդագրություններ այն մասին, որ անվտանգության ուժերի աշխատակիցները հերթապահությունից հետո քաղաքացիական շորեր են հագել եւ միացել են բողոքողներին: Շատերը, լինելով անվատնգության ուժերի եւ հեղափոխական գվարդիայի ծառայողներ, դժգոհում են»,-ասել է Ռըզա Փեհլեվին, հաղորդում է CNN-ը:

Միապետության տապալումից ու իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, Ռըզա Փեհլեվին 1979թ. ի վեր բնակվում է ԱՄՆ-ում: Շահի կառավարման օրոք Իրանն ընթանում էր հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ եւ փորձում էր նվազագույնի հասցնել կրոնական գործիչների իշխանությունը: Նա նաեւ պատրաստվում էր ճանաչել Իսրայելը որպես անկախ պետություն` խոստանալով նրան Մերձավոր Արեւելքի շիա երկրների աջակցությունը: