31 մարտի 2026 - 15:18 AMT
Վարչապետը և ԵՄ առաքելության նորանշանակ ղեկավարը քննարկել են խաղաղության հաստատման գործընթացը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավար Սատու Կոյվուին։Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության ապահովմանն առնչվող հարցերը։

Վարչապետը շնորհավորել է Կոյվուին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և կարևորել ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ–ԵՄ հարաբերությունները շարունակել են զարգանալ դինամիկ կերպով և ընդգծել է Եվրամիության հետևողական աջակցությունը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում։

Սատու Կոյվուն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և անդրադարձել առաքելության գործունեությանը։ Նա վստահություն է հայտնել, որ ՀՀ կառավարության գործընկերների հետ շարունակվելու է սերտ համագործակցությունն ու ակտիվ երկխոսությունը։

ԵՄ դիտորդները Հայաստան են ժամանել 2023-ի փետրվարի 20-ին։ 2025–ի հունվարին որոշում ընդունվեց, ըստ որի եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում ևս երկու տարի՝ մինչև 2027-ի փետրվարի 19-ը։Բաքվից Հայաստանում ԵՄ առաքելությանը մեղադրում են «լրտեսական գործունեություն», «հեռադիտակային դիվանագիտություն» իրականացնելու մեջ: