23 հունիսի 2009 - 21:32 AMT
Վիկիպեդիան իր ռեսուրսը կհարստացնի տեսահոլովակներով
Wikipedia ֆոնդը ծրագրում է ընդլայնել on-line հանրագիտարանի` Վիկիպեդիայի հնարավորությունները: Մոտ ժամամակներս հոդվածների հեղինակները կկարողանան իրենց նյութերին տեսահոլովակներ կցել: Նոր գործառույթը, ինչպես սպասվում է, կիրականացվի ամառվա վերջին: Ռեսուրսի խմբագիրները կկարողանան օգտվել «Add Media» կոչվող լրացուցիչ կետից, որպեսզի հոդվածներում թեմատիկ տեսահոլովակներ տեղակայեն:

Նշվում է, որ Վիկիպեդիայի հեղինակների համար հասանելի կլինեն տասնյակ հազարավոր տեսանյութեր, որոնք հեղինակային իրավունքներով պաշտպանված չեն: Wikipedia նախագծի մասնակիցները կկարողանան խմբագրել հոլովակները, կտրել անպետք հատվածները եւ այլն: On-line հանրագիտարանի համար տեսանյութեր կտրամադրեն Internet Archive, Wikimedia Commons եւ Metavid վիրտուալ ծառայությունները:

Wikipedia նախագիծը մեկնարկել է 2001թ. հունվարին եւ այդ ժամանակից սկսած մշտապես զարգանում է: Ներկայումս ինտերնետ-հանրագիտարանը գրություններ է պարունակում 266 լեզուներով, իսկ նրա հոդվածների ընդհանուր թիվը գերազանցում է 13 միլիոնը: Ռուսալեզու բաժնում գրությունների թիվը վերջերս գերազանցեց 400 հազարը, իսկ ամենաբովանդակալիցը համարվում է անգլալեզու բլոկը, որում հաշվվում է ոչ պակաս, քան երեք միլիոն հոդված, հաղորդում է Ռեյտերը: