
Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է դրել մի նախագիծ, որով առաջարկում է վարորդական վկայականի տեսական քննությունը դրական ստանալու դեպքում գործնական քննությանը մասնակցելու համար սահմանված 1 տարվա ժամկետը փոխարինել 2 տարի ժամկետով, հայտնում է «Հետքը»:
Նախագծով առաջարկվում է նաև տեսական քննության թեստերում ընդգրկել բացառապես այն կարգերին կամ ենթակարգերին վերաբերելի հարցեր, որոնց համար անձը հանձնում է քննությունը։
Տեսական քննությունների մասով գործող կարգավորմամբ հստակ սահմանված չէ՝ որ հարցաշարերը պետք է վերաբերվեն բացառապես այն տրանսպորտային միջոցների կարգերին կամ ենթակարգերին, որոնց համար անձը հանձնում է քննությունը, ինչն, ըստ նախագծի հիմնավորման, գործնականում կարող է հանգեցնել ոչ նպատակային հարցերի ընդգրկմանը և գնահատման ոչ լիարժեք օբյեկտիվությանը։
Ըստ ՆԳՆ-ի՝ այս փոփոխությունը միտված է քաղաքացիների համար գործնական քննությունների հանձնման ժամկետային պայմանների որոշակի մեղմացմանը և առավել ճկուն մոտեցման ապահովմանը։
Որոշման նախագիծը դեռ պետք է քննարկվի և հավանության արժանանա կառավարության կողմից։