24 հունիսի 2009 - 12:00 AMT
«Վանաձոր-Քիմպրոմ» -ում անհրաժեշտ է 6 մլն դոլար ներդնել
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մեկնել է Լոռու մարզ, այցելել է «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ, շրջել արտադրամասերում, ծանոթացել նախորդ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը: ՀՀ կառավարության ղեկավարը եղել է ընկերության ջերմաէլեկտրակայանում եւ քիմկոմբինատում, որտեղ նրան ներկայացվել են արդեն իսկ կյանքի կոչված ծրագրերը:

Այնուհետեւ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի, ՀՀ գյուղատնտեսության, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարների, Լոռու մարզպետի, մի շարք գործարարների, քիմկոմբինատի գլխավոր տնօրենի մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են քիմկոմբինատի վերագործարկման հետ կապված հիմնախնդիրներն ու ռազմավարական ծրագրերը:

Խորհրդակցության ընթացքում ձեռք են բերվել մի շարք նոր պայմանավորվածություններ, ըստ որի գյուղատնտեսության նախարարությունը պետք է մշակի համալիր ծրագիր պարարտանյութերի արտադրության վերաբերյալ: Նշվել է, որ Վանաձորի քիմիական համալիրը կարող է արտադրել պարարտանյութեր, որոնք խիստ անհրաժեշտ են ՀՀ գյուղատնտեսության համար: Այդ ծրագրի իրագործումը հնարավորություն կտա պլանավորել գյուղատնտեսության ոլորտի զարգացումը սեփական արտադրության պարարտանյութերի հիմքի վրա: Գործարանի առջեւ խնդիր է դրվել մշակել համալիր ծրագիր չորս հիմնական ուղղություններով, որոնցով կարող է զարգանալ պարարտանյութերի, շինանյութերի, կարբիտի եւ արտահանման մեծ ներուժ ունեցող մի շարք այլ նյութերի արտադրությունը: «Այս բոլոր ուղղություններով մենք պետք է ունենանք համալիր ծրագրեր, պետք է լինի ֆինանսական հոսքերի ներկայացում, շահութաբերության մակարդակ: Բոլոր ծրագրերը պետք է արժանանան կառավարության հավանությանը:

Բնականաբար, դա գործարանի սեփականատերերի մոտ ավելի մեծ վստահություն կառաջացնի, եւ նրանք ներդրումներ կկատարեն զարգացման ուղղությամբ, ուստի վարկային միջոցների ներգրավման անհրաժեշտություն այլեւս չի լինի: Այսօր գործարանի ֆինանսական վիճակը բարվոք չէ, ունի պարտքեր աշխատավարձերի եւ գույքահարկի գծով եւ, բնականաբար, անհրաժեշտ է, որ գործարանն սկսի աշխատել իր ողջ հզորություններով, որպեսզի ի վիճակի լինի շահույթ ունենալ»,-ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Այստեղ արտադրվող շինանյութը կօգտագործվի աղետի գոտում, եւ կառուցվող արտադրամասը մեծ հզորություն կունենա: ՀՀ վարչապետը նշել է, որ արդեն պայմանավորվածություն կա աղետի գոտում շինարարություն իրականացնող ընկերությունների հետ, որպեսզի նրանք անհրաժեշտ շինանյութը գնեն հենց այստեղից: Ինչ վերաբերում է արտադրվող պարարտանյութերին, ապա, այս ուղղությամբ աշխատանքներն արդեն բավականին առաջ են գնացել, եւ այդ արտադրությունը կսկսվի արդեն այս տարի: ՀՀ վարչապետի գնահատմամբ, որպեսզի գործարանն ունենա շահութաբերություն, անհրաժեշտ է շուրջ 6 մլն դոլար ներդրում:
Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հնարավորինս կաջակցի Վանաձորի քիմկոմբինատի ծրագրերի իրականացմանը` մասնավորապես, արտադրանքի իրացմանն ու մրցունակության ապահովմանը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշակի հանձնարարականներ է տվել խորհրդակցության ընթացքում քննարկված հարցերի ու խնդիրների արագ եւ արդյունավետ լուծման նպատակով: