24 հունիսի 2009 - 16:04 AMT
Ի՞նչ քայլեր կձեռնարկի Թուրքիան, «դիվանագիտական» գնդակն ունենալով իր դաշտում
«Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը բազմիցս է հանդես եկել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ իր տեսակետի առնչությամբ: Մենք կողմնակից ենք հարաբերությունների հաստատմանը` առանց նախապայմանների»,-Երեւանում լրագրողներին է հայտարարել ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովը վստահ է, որ կա երկու հարց, որոնք ոչ մի դեպքում չեն կարող նախապայման լինել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար: «Դա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն է ու ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Վաղ թե ուշ համաշխարհային հանրությունը, ինչպես նաեւ Թուրքիան կճանաչեն Հայոց ցեղասպանությունը»,-ասել է նա:

Միեւնույն ժամանակ Շարմազանովը գտնում է, որ, նախաձեռնելով «ֆուտբոլային ժողովրդավարությունը», Սերժ Սարգսյանն ապացուցեց, որ ինքը 21-րդ դարի արդի քաղաքական գործիչ է, ինչը գնահատեցին ԱՄՆ պետքարտուղարությունն ու ԵՄ-ն: «Այս պահի դրությամբ, «դիվանագիտական» գնդակը Թուրքիայի դաշտում է: Որպես ֆուտբոլից հասկացող մարդ, կարող եմ ասել, որ երբ երկու խաղացող միանգամից են խփում գնդակին, այն խաղից դուրս վիճակում է հայտնվում: Այժմ մեր թուրք գործընկերների գործելու հերթն է»,-ասել է Շարմազանովը: