23 ապրիլի 2026 - 17:00 AMT
ԱԳՆ աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման

Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանը 2 տարվա ազատազրկման է դատապարտել Աշխեն Ալեքսանյանին, որին պետական դավաճանության մեղադրանք էր ներկայացվել։ Այս մասին ասել է նրա պաշտպան Աբգար Պողոսյանը, հայտնում է «Հրապարակը» :

Փաստաբանը մարտի 28-ին հայտնել էր, որ Ալեքսանյանն արդարացվել է դավաճանության հոդվածով, սակայն ավելի ուշ ԲԴԽ-ն հայտնեց, որ դատարանը գտել է, որ արարքը համապատասխանում է ոչ թե պետական դավաճանության, այլ պաշտոնատար անձի կողմից լիազորությունները չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հանցակազմին։

Փաստաբանն ասել է, որ դատավճիռը բողոքարկելու են Վերաքննիչ դատարանում:

«Երբևէ դժվար գտնենք այս հոդվածով նախկինում չդատված անձ, որ փաստացի ազատազրկման ենթարկված լինի։ Միջին ծանրության հանցանք է, սկսվում է տուգանքից։ Մենք թե՛ պատժի մասով, թե՛ մեղավորության մասով բողոքարկելու ենք վերաքննիչ դատարան, քանի որ իր արարքում հանցանք չկա»,– ասել է փաստաբանը։

Նա նաև նշել է, որ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո պատրաստվում են իրավական քայլեր ձեռնարկել՝ կապված Ալեքսանյանի նկատմամբ հնչեցված մեղադրանքների և հանրային պիտակավորման հետ։

«Ներպետական ատյաններից դուրս էլ գնալու ենք, քանի որ անձի ճակատագրին է վերաբերում»,– ասել է Պողոսյանը։

Ըստ փաստաբանի՝ Աշխեն Ալեքսանյանը նոր-նոր էր Վիեննայում նշանակվել հյուպատոս, սակայն չի հասցրել ստանձնել պաշտոնը, նրան Քննչական կոմիտեն կանչել է հարցաքննության, իր ոտքով գնացել է և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել նախաքննական մարմնին՝ օժանդակելով քննությանը։

Ալեքսանյանի կալանավորման մասին հայտնի դարձավ 2025-ի օգոստոսին: Ըստ ԶԼՄ–ների՝ նա սիրային կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ և կարևոր տեղեկություններ փոխանցել նրան։