23 ապրիլի 2026 - 18:10 AMT
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը կդիտարկի Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ՝ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը, հաստատել է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտարկման համար Հայաստանում առաքելություն տեղակայելու որոշումը։

Առաքելությունը ձևավորվել է ՀՀ իշխանությունների հրավերով՝ նախընտրական կարիքների գնահատման հիման վրա։ Դրա հիմնական թիմը՝ 13 փորձագետից կազմված, գործելու է Երևանում՝ Յանեզ Լենարչիչի ղեկավարությամբ, իսկ մայիսի 1-ից ամբողջ երկրում արդեն աշխատելու է 30 երկարաժամկետ դիտորդ։ Բացի այդ, ընտրություններից առաջ Հայաստան են ժամանելու մոտ 250 կարճաժամկետ դիտորդներ, հայտնում է Արմենպրեսը:

Նշվել է, որ առաքելության կազմում ընդգրկված փորձագետներն ու դիտորդները ներկայացնում են ԵԱՀԿ անդամ 28 պետությունները։

«Դիտորդական այս առաքելությունը գնահատելու է ընտրական գործընթացի բոլոր փուլերը ԵԱՀԿ հանձնառությունների և ժողովրդավարական ընտրությունների այլ միջազգային պարտավորությունների ու չափանիշների լույսի ներքո։ Մենք դիտարկելու ենք ոչ միայն բուն ընտրությունները, այլ նաև այն միջավայրը, որում դրանք տեղի են ունենալու»,– ասել է Լենարչիչը։

Առաքելությունը դիտարկելու է ընտրական գործընթացի հիմնական բաղադրիչները՝ նախընտրական քարոզարշավը (այդ թվում՝ սոցիալական ցանցերում), ֆինանսավորումը, ընտրական վարչարարությունը տարբեր մակարդակներում, իրավական դաշտը, ապատեղեկատվության դեմ կիրառվող մեխանիզմները, լրատվամիջոցների լուսաբանումը և ընտրական վեճերի լուծման ընթացքը։

Դիտորդները նաև գնահատելու են նախորդ ընտրություններից հետո ներկայացված առաջարկությունների կատարման առաջընթացը՝ հանդիպելով ընտրական գործընթացում ներգրավված տարբեր շահակիցների՝ քաղաքական ուժերից մինչև քաղաքացիական հասարակություն և միջազգային կառույցներ։

«Մեր դիտարկման շրջանակներում հանդիպելու ենք ընտրական գործընթացներում ներգրավված և այդ գործընթացների ազդակիր հանդիսացող շահակիցների հետ (իշխանությունից և քաղաքական կուսակցություններից մինչև քաղաքացիական հասարակություն, լրատվամիջոցներ և միջազգային հանրություն) ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ երկրի ողջ տարածքում։ Այս մոտեցումը մեզ թույլ կտա ձևավորել համապարփակ և հավասարակշռված պատկերացում Հայաստանի ողջ տարածքում ընթացող ընտրական գործընթացների վերաբերյալ»,– նշել է Լենարչիչը։

Ընտրությունների օրը ԺՀՄԻԳ առաքելությանը կմիանան նաև ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի և Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունները։

Ընտրություններից մոտ երկու շաբաթ առաջ կհրապարակվի միջանկյալ հաշվետվություն, իսկ քվեարկությունից հետո կներկայացվեն նախնական եզրակացությունները։ Վերջնական զեկույցը կներառի ամբողջական գնահատական և բարեփոխումների առաջարկներ՝ հրապարակվելով ընտրություններից մի քանի ամիս անց։

ԺՀՄԻԳ-ը նախկինում արդեն դիտարկել է Հայաստանում 12 ընտրություն, այդ թվում՝ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները։