23 ապրիլի 2026 - 18:22 AMT
2027-ից օդի որակի գնահատման նոր չափանիշներ կգործեն

Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել ներդնել մթնոլորտային օդի որակի գնահատման նոր մեթոդաբանություն և չափանիշներ, որոնք ուժի մեջ են մտնելու 2027 թվականի նոյեմբերի 1-ից։

Փոփոխություններ են կատարվել մի շարք որոշումներում՝ հիմնվելով 2025-2030 թվականների համալիր միջոցառումների ծրագրի վրա, որով նախատեսվել է արդիականացնել օդի մոնիթորինգի համակարգը։ Այդ նպատակով նախատեսվում է ձեռք բերել 14 անշարժ դիտակայան, որոնցից 6-ը տեղադրվելու են Երևանում։

Միջազգային չափանիշներին համապատասխանեցման շրջանակում 2025 թվականին Շրջակա միջավայրի նախարարությանն արդեն հատկացվել է 300 միլիոն դրամ՝ երկու դիտակայան ձեռք բերելու համար։ Դրանք արդեն տեղադրվել են մայրաքաղաքում՝ Կենտրոն վարչական շրջանում և Քանաքեռ-Զեյթունում։

Ներկայում իրականացվում են սարքավորումների ստուգման և փորձարկման աշխատանքներ։ Նշվել է, որ նոր համակարգի գործարկումը հնարավորություն է տալու իրական ժամանակում ստանալ տվյալներ և ավելի ճշգրիտ գնահատել մթնոլորտի հիմնական աղտոտիչների մակարդակը։