28 ապրիլի 2026 - 18:18 AMT
Միրզոյան․ Մեկ շաբաթից կտեսնենք Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը

Մեկ շաբաթից կտեսնենք Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Փարիզում, որտեղ նրա գլխավորությամբ անցկացվել է եվրոպական տարածաշրջանի երկրներում և կազմակերպություններում հավատարմագրված հայկական դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը:

Նա նշել է, որ բազմաթիվ երկրների հետ ռազմավարական համագործակցություններ են քննարկվում:

«Մինչ այս՝ վերջին ամիսներին, իհարկե, առանձին երկրների հետ արդեն դա տեղի է ունեցել, օրինակ Գերմանիայի հետ։ Իհարկե, անվանումները փաստաթղթից փաստաթուղթ մի փոքր տարբերվում են. մի դեպքում դա ռազմավարական գործընկերության հաստատում է, մի դեպքում դա գործընկերության ռազմավարական օրակարգ է։ Օրինակ Եվրոպական միության հետ ստորագրեցինք «Գործընկերության ռազմավարական օրակարգ» և այսպես շարունակ»,-ասել է նախարարը:

Նա անդրադարձել է նաև մայիսի 4-6-ը Երևանում նախատեսված բարձր մակարդակի միջոցառումներին՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, ՀՀ-ԵՄ գագաթնաժողովին և «Երևանյան երկխոսություն» նախաձեռնությանը։

Եվրոպական երկրների հետ հարաբերությունները համակարգող փոխնախարար Վահան Կոստանյանը ներկայացրել է գագաթնաժողովների օրակարգը և նախատեսվող փաստաթղթերը, իսկ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը անդրադարձել է «Երևանյան երկխոսության» նախապատրաստական աշխատանքներին և հիմնական թեմատիկ ուղղություններին։

Հավաքի ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացումը, եվրոպական երկրների հետ երկկողմ կապերի խորացումը, ինչպես նաև ընթացիկ ծրագրերն ու հեռանկարները։

Միրզոյանը ներկայացրել է նաև տարածաշրջանային փոխկապակցվածության ծրագրերի իրականացումը, տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքները։

Անդրադարձ է կատարվել հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացման գործընթացին։

Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները, առկա մարտահրավերները, ինչպես նաև դիվանագիտական ծառայության բարելավմանն ուղղված նախաձեռնությունները և համապատասխան օրենսդրական փոփոխությունները։

Մայիսի սկզբին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետական այցով կժամանաի ՀՀ: