24 հունիսի 2009 - 20:52 AMT
Հայաստանը հետաքրքրված է կայուն եւ զարգացող Վրաստանով
«Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հետ մենք քննարկեցինք երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակը, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրները: Մենք այն եզրակացությանը եկանք, որ Հայաստանի ու Վրաստանի միջեւ հարաբերությունները բարձր մակարդակում են գտնվում, եւ աշխարհում քիչ ժողովուրդներ կան, որոնց հարաբերությունները կարող են օրինակ ծառայել: Հայ-վրացական բարեկամությունը դարերով է ստուգված, եւ մենք ցանկանում ենք, որպեսզի միջկառավարական հարաբերությունները նույնպիսի մակարդակի հասնեն»,- Միխայիլ Սահակաշվիլիի հետ համատեղ մամլո ասուլիսին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, երկու երկրները ընդհանուր շահեր ունեն տարածաշրջանային կայունության եւ տնտեսական համագործակցության զարգացման գործում:

Հայաստանի նախագահն ընդգծել է, որ ցանկացած տարածաշրջանային խնդիր կարելի է լուծել միայն խաղաղ երկխոսության ճանապարհով: «Հակամարտությունների ուժային լուծման անհեռանկարային լինելու հարցում մենք արդեն հասցրել ենք համոզվել, ուստի ես հույս ունեմ, որ Վրաստանի նախագահն այդ հարցում կիսում է հայկական կողմից տեսակետը: Հայաստանը հետաքրքրված է կայուն եւ զարգացող Վրաստանով»,- ասել է Սարգսյանը:

Միխայիլ Սահակաշվիլին իր հերթին ջերմությամբ է հիշել իր հանդիպումները Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: «Ես կարծում եմ, որ նախագահ Սարգսյանի հետ նույնպես բարեկամական հարաբերություններ են ստեղծվել: Աշնանը մենք մտադիր ենք անցկացնել դպրոցականների համատեղ օլիմպիադա. դա կլինի կամ Բաթումիում, կամ Թբիլիսիում: Վրաստանը կգնահատի նաեւ Հայաստանի հավասարակշռված դիրքորոշումը Վրաստանի տարածքային ամբողջականության հարցում»,- ընդգծել է Սահակաշվիլին` ավելացնելով, որ Երեւանն ու Թբիլիսին շատ ժամանակ են կորցրել եւ այժմ պետք է հատուցեն կորցրածը: