28 ապրիլի 2026 - 18:24 AMT
Թուրքիայում տեղի է ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի գործարկման համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` ապրիլի 28-ին Կարսում տեղի է ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման` Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

«Տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ընդլայնման համատեսքստում կողմերն ընդգծել են Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկման կարևորությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը, անդրադառնալով հանդիպմանը, այն որակել է որպես «պատմական առաջընթաց` խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի կերտման ճանապարհին»:

«Այսօր Կարսում տեղի ունեցավ հայ և թուրք պաշտոնյաների հանդիպումը՝ ձևավորելու Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով համատեղ աշխատանքային խումբ։ Հայաստանի և Թուրքիայի միջև այս առանցքային օղակի վերականգնումը տարածաշրջանային կապուղիների բացման և տարածաշրջանային կայունության ապահովման կարևոր քայլ է։ Այսօրինակ շրջադարձային զարգացումների համար հիմքեր էին նախապատրաստվել օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հյուրընկալած Վաշինգտոնի գագաթնաժողովում։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև տասնամյակներ շարունակ փակված տնտեսական ու հասարակական կապերի վերաբացման ուղղությամբ այս կոնկրետ քայլերի ձեռնարկումը»,- ասվում է հաղորդագրությունում։

Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով պատրաստակամություն հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։ 2022–ին Վիեննայում երկու երկրների ներկայացուցիչները պայմանավորվել են բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն մինչ այժմ այդ պայմանավորվածությունները գործնականորեն չեն իրականացվել։

2025 թվականի սեպտեմբերին Սերդար Քըլըչը այցելել է Հայաստան։ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ կողմերը քննարկել են 2022 թվականի հուլիսի 1-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման քայլերը և եկել են համաձայնության՝ արագացնել այդ գործընթացը։