
«Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակների իրացման արգելումը հայաստանյան արտադրողների համար լուրջ խնդիր չէ, հայտարարել է ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոն հեռուստակամրջի ժամանակ, հայտնում է Sputnik Արմենիան:
Օնիշչենկոյի խոսքով՝ «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավարի պաշտոնում իր նախկին աշխատանքի փորձը ցույց է տվել, որ նման դեպքերը հազվադեպ չեն. որպես կանոն` արգելվում է ոչ թե ամբողջ արտադրանքի, այլ առանձին խմբաքանակների իրացումը: Այդպիսի միջոցներ կիրառվում են նաև այլ երկրների ապրանքների նկատմամբ։ Մասնավորապես, վերջերս բելառուսական ձեռնարկություններից մեկի կաթնամթերքի ներմուծումը սահմանափակվեց անասնաբուժական դեղամիջոցի մնացորդային պարունակության ավելցուկի պատճառով:
Օնիշչենկոյի խոսքով՝ «Ջերմուկի» դեպքում, հավանաբար, խոսքը կարող է լինել շշալցման տեխնոլոգիայի խախտման մասին, ինչի արդյունքում արտադրված կոնկրետ խմբաքանակում կարող էին հայտնվել հանքային ջրին ոչ բնորոշ նյութեր։
«Այստեղ ոչ մի սարսափելի բան չկա. առգրավել են մեկ խմբաքանակ, բայց «Ջերմուկը» մնում է շուկայում»,- հավելել է նա։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ ռուսական «Ազնիվ նշան» պետական մակնշման համակարգը արգելափակել է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի կողմից 2026 թվականի փետրվարի 17-ին և մարտի 5-ին արտադրված հանքային ջրի խմբաքանակների իրացումը։
Այս առնչությամբ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացրել է, որ դեռևս չի ստացել պաշտոնական հաղորդագրություն ՌԴ գործընկեր կառույցներից՝ «Ռոսպոտրեբնադզորից» և «Ռոսսելխոզնադզորից»։
Նշվել է, որ նախկինում ևս նման քայլեր իրականացվել են․ 2024 թվականին Հյուսիսային Օսեթիայում տեղի ունեցած թունավորման դեպքից հետո կասեցվել է շուրջ 2.5 միլիոն շիշ «Ջերմուկի» վաճառքը։