30 ապրիլի 2026 - 17:37 AMT
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ՀՀ-ին հատկացումներն ավելացնող օրինագիծը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովը հաստատել է Ազգային անվտանգության, Պետդեպարտամենտի և հարակից ծրագրերի հատկացումների օրինագիծը 2027 ֆինանսական տարվա համար։ Փաստաթուղթը նախատեսում է ընդլայնված աջակցություն Հարավային Կովկասի երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, հայտնում է Արմենպրեսը:

Փաստաթղթում նշվում է. «Հանձնաժողովը միջոցներ է հատկացնում Հարավային Կովկասի երկրներին՝ Միացյալ Նահանգների ռազմավարական շահերը առաջ մղելու համար՝ տարածաշրջանային խաղաղության, կայունության, ինտեգրման և փոխկապակցվածության ընդլայնման ջանքերի միջոցով, ինչպես նաև երկկողմ ռազմավարական գործընկերության կանոնադրություններին ակտիվ աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Այս գումարի շրջանակում Հանձնաժողովը նախորդ տարվա համեմատ ավելացնում է Հայաստանի համար նախատեսված աջակցությունը՝ Միջազգային ռազմական կրթության և վերապատրաստման (IMET) և Արտաքին ռազմական ֆինանսավորման (FMF) ծրագրերով»։

Հանձնաժողովը վճռականորեն աջակցում է Միացյալ Նահանգների ջանքերին՝ Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն առաջ մղելու, ինչպես նաև տարածաշրջանի երկրների անվտանգությունն ու բարգավաճումն ամրապնդելու ուղղությամբ», անդրադառնալով «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծին»:

Մասնավորապես նշվում է, որ պետքարտուղարը օրենքի ընդունումից հետո 90 օրվա ընթացքում պետք է Կոնգրեսին ներկայացնի մանրամասն զեկույց՝ TRIPP-ի շրջանակում միջոցների բաշխման և իրականացված քայլերի վերաբերյալ։

Նշվում է նաև, որ այդ հաշվետվությունը պետք է ներառի իրականացնող գործընկերներին, այդ թվում՝ ներդրումային ֆինանսավորում տրամադրող կառույցներին, ինչպես նաև նկարագրի այլ դաշնային գործակալությունների՝ Զարգացման միջազգային ֆինանսական կորպորացիայի (DFC) և Առևտրի ու զարգացման գործակալության դերը՝ ծրագրի իրականացման և արդյունավետ գործարկման ապահովման գործում։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։

TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։