24 հունիսի 2009 - 23:42 AMT
Հայաստանում արդեն այսօր միջկուսակցական պայքար է ծավալվել ընդդիմադիր ընտրազանգվածի համար
«Ես կարծում եմ, որ դեռ վաղ է խոսել Հայ ազգային կոնգրեսի, ՀՅԴ-ի եւ «Ժառանգություն» կուսակցությունների միջեւ իրական համագործակցության մասին», - մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Վերջինիս խոսքերով, ՀՅԴ-ի եւ ՀՇՇ-ի միջեւ բազմաթիվ տարաձայնություններ կան ոչ միայն քաղաքական ոլորտում: Ուստի, ընդդիմադիր դաշտում հնարավոր է «Ժառանգություն» կուսակցության համագործակցությունը ՀՅԴ-ի հետ խորհրդարանում, իսկ վերջինիս սահմաններից դուրս` ՀՇՇ-ի հետ», - նշել է պատգամավորը:

Շարմազանովը նաեւ ընդգծել է, որ վերոհիշյալ երեք քաղաքական ուժերը նախապատրաստվում են 2012 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, եւ նրանց բոլորին հարկավոր է իրենց կողմը գրավել ընդդիմադիր ընտրազանգվածին: «Ես կարծում եմ, որ ՀԱԿ-ին ոչինչ չի մնում, քան խորհրդարանական ընտրություններին գնալ հանրահավաքային պայքարի ձեւով», - նշել է նա:

Անդրադառնալով ՀԱԿ-ի կողմից իրականացվող քաղաքականությանը, Շարմազանովն ընդգծել է, որ ՀՀԿ-ն քաղաքակիրթ քաղաքական պայքարի կողմնակիցն է: