6 մայիսի 2026 - 16:19 AMT
Վարդապետյանը` Վեդիում մանկապղծության մասին․ Համանման բազմաթիվ իրավիճակներ ունեինք

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ-ում, պատասխանելով Վեդիում մանկապղծության դեպքերի մասին հարցին, ասել է, որ «համանման բազմաթիվ իրավիճակներ են եղել»:

«Ոչ միայն Վեդիի դեպքերը, նաև որոշ ժամանակ առաջ համանման իրավիճակ ունեինք Գեղարքունիքի մարզում, բազմաթիվ իրավիճակներ ենք ունեցել նաև Արարատի մարզում»,- Ազգային ժողովում հայտարարել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Նա նշել է, որ եղել են իրավիճակներ, երբ երեխաները ներգրավված են եղել պոռնոգրաֆիական բնույթի տեսանյութերի պատրաստման մեջ՝ Երևանում և Շիրակի մարզում։

Դատախազն ասել է, որ Վեդիի դեպքերի վերաբերյալ վարույթը գտնվում է գլխավոր դատախազության անմիջական ուշադրության ներքո, և կարճ ժամանակ անց խափանման միջոցի վերաբերյալ մտահոգությունները ևս կհստակեցվեն։

«Այս մասով խիստ խափանման միջոցների ենք գնում»,- նշել է Վարդապետյանը։

Ըստ ՔԿ-ի՝ փետրվարի 12-ին անչափահաս քույրերի հայրը ոստիկանության Վեդիի բաժին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ փետրվարի 8-ին Վ.Ե.-ն, օգտվելով իր դստեր անօգնական վիճակից (տառապում է մտավոր հետամնացություն ախտորոշմամբ), կատարել է անառակաբարո արարք։ Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում անչափահաս տուժողը ցուցմունք է տվել, որ Վ.Ե.-ն իրենց տան բարերարն է և նրա հետ սեռական հարաբերություն չի ունեցել։ Անչափահասը հրաժարվել է լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության ենթարկվելուց։

«Ապրիլի 22-ին անչափահաս տուժողի քույրը, որը նույնպես անչափահաս է, հաղորդում է ներկայացրել այն մասին, որ ապրիլի ընթացքում իրեն մոտեցել է Արթուր անունով անծանոթ տղամարդ, համոզել նստել ավտոմեքենան՝ իբր դպրոց տանելու նպատակով, սակայն տարել է քաղաքի եկեղեցու ճանապարհին գտնվող շինության մոտ և սեռական հարաբերություն ունեցել իր հետ։ Անչափահաս տուժողը նախաքննության ընթացքում տվել է իրարամերժ, հակասական ցուցմունքներ»,-ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ: