
Հանրային ծառայության մեջ գտնվող պատգամավորի թեկնածուները՝ բացառությամբ ՀՀ նախագահի, ԱԺ պատգամավորների և Կառավարության անդամների, նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկի օրվանից մինչև քվեարկության օրը օրենքի ուժով ազատվում են իրենց ծառայողական պարտականությունների կատարումից, հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով նախընտրական քարոզչության ժամանակ ծառայողական պարտականությունների, աշխատավարձի և ծառայողական մեքենաների օգտագործման կարգերին։
«Այս ժամանակահատվածում նշված թեկնածուների բացակայությունն աշխատանքից համարվում է հարգելի՝ առանց վարձատրության պահպանման»,- նշել է Հովակիմյանը, հայտնում է 1lurer.am-ը:
Նա ընդգծել է, որ այդ ձևակերպումից ակնհայտ է դառնում, որ վարչապետը, կառավարության անդամները և պատգամավորները կարող են շարունակել պաշտոնավարել, սակայն աշխատանքային ժամերին իրավունք չեն ունենա զբաղվել այլ գործունեությամբ։
«Այս ձևակերպումից ակնհայտ է, որ, օրինակ, վարչապետը և Կառավարության անդամները, պատգամավորները կարող են շարունակել պաշտոնավարել, բայց ովքեր կշարունակեն պաշտոնավարել, աշխատանքային ժամերին այլ բանով զբաղվելու իրավունք չեն ունենա»,- ասել է նա։
ԿԸՀ նախագահի գնահատմամբ՝ խնդիրներ կարող են առաջանալ նաև աշխատանքային ժամերից հետո, քանի որ կառավարության անդամների աշխատանքը սովորաբար չի սահմանափակվում միայն մինչև ժամը 18:00-ը։
Նա նշել է, որ նախընտրելի կլինի, որպեսզի քարոզարշավին մասնակցող պաշտոնատար անձինք արձակուրդ վերցնեն։
«Վարչապետը պետական պահպանության ներքո գտնվող պաշտոնյա է, իսկ, օրինակ, նախարարները, եթե վարչապետի հատուկ հրամանով են գտնվում պետական պահպանության ներքո, ստացվում է, որ արձակուրդում գտնվելիս՝ ծառայողական ժամերից դուրս, իրենց ծառայողական ավտոմեքենաները չեն կարող օգտագործել: Այսինքն՝ նրանք պետք է քարոզարշավի գնան իրենց մեքենայով կամ ավտոբուսով, նկատի ունեմ՝ ծառայողական մեքենան չեն կարող օգտագործել: Ծառայողական մեքենա կարող են օգտագործել բացառապես իրենց պաշտոնական պարտականությունները կատարելու նպատակով»,- ասել է ԿԸՀ նախագահը։
ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: