
Հայաստանի խորհրդարանական ընտրություններն անցկացվում են բևեռացված քաղաքական և հասարակական միջավայրում, հայտարարել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը:
ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) իր միջանկյալ զեկույցում արձանագրել է, որ այդ միջավայրը ձևավորվել է «2023-ի սեպտեմբերին Ադրբեջանի հետ հրադադարի համաձայնագրի կնքումից և 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնյան գագաթաժողովին Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրումից հետո տեղի ունեցած զարգացումների ազդեցության ներքո», հայտնում է «Ազատությունը»:
Նշվում է նաև, որ ընտրական միջավայրը պայմանավորված է համաձայնագրի վավերացման և կիրարկման, սահմանադրական բարեփոխումների գործընթացի, երկրի արտաքին քաղաքական կողմնորոշման խնդիրներով։
Բևեռացման պատճառների թվում ԺՀՄԻԳ-ը նշել է նաև կառավարության և ՀԱԵ առաջնորդների միջև առկա լարվածությունը, ինչպես նաև ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ հարուցված քրեական գործերը։
Արդեն մոտ մեկ տարի է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պահանջում է կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը և նախաձեռնել է եկեղեցու բարենորոգման շարժում։ Այդ ընթացքում քրեական գործեր են հարուցվել ինչպես կաթողիկոսի, այնպես էլ մի շարք բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ։ Իշխող քաղաքական ուժը կաթողիկոսի հեռացման հարցը ներառել է նաև իր նախընտրական ծրագրում։
«Քարոզչությունն ընթանում է ակտիվ և կենտրոնացած է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի, արտաքին քաղաքականության, տնտեսության, զբաղվածության, իրավունքի գերակայության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերի վրա։ Քարոզչական խոսույթը ունի պառակտող և կոշտ բնույթ և աչքի է ընկնում պատերազմական հռետորաբանությամբ, հատկապես կառավարության «Իրական Հայաստան» ծրագրի, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու կարգավիճակի և հնարավոր բարեփոխումների շուրջ», - նշում են զեկույցի հեղինակները։
Դիտորդների հետ հանդիպումների ընթացքում ընդդիմադիր ուժերն ու քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչներ մտահոգություն են հայտնել վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման և ընտրություններից առաջ պետական համակարգում տրամադրված պարգևավճարների վերաբերյալ։ Զեկույցում հիշատակվել են նաև քվեների գնման և բարեգործության արգելքի խախտման դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործերը, որոնք վերաբերում են ընդդիմադիր կուսակցությունների անդամներին։
Լրատվական դաշտը դիտորդները գնահատել են բազմակարծիք, սակայն քաղաքական ազդեցությունների նկատմամբ խոցելի՝ պայմանավորված գովազդային շուկայի կրճատմամբ։ Առանձին անդրադարձ է կատարվել Հանրային հեռուստաընկերությանը։
«Օրենքը պահանջում է քարոզարշավի հավասարակշռված լուսաբանում, սակայն ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի որոշ զրուցակիցներ հանրային հեռարձակողին ընկալում են որպես կառավարությանը աջակցող։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը լիազորված է մշտադիտարկում իրականացնել հեռարձակողների նկատմամբ և մինչև պաշտոնական քարոզարշավի մեկնարկն արդեն նախազգուշացումներ է տվել երկու հեռուստաալիքի»,ասվումէ զեկույցում:
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։