25 մայիսի 2026 - 15:09 AMT
Զուրաբյան․ Փաշինյանի խաղաղության մոդելը մի երկիր է, որում տերն ու տիրակալն Ադրբեջանն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի «խաղաղության մոդելը մի երկիր է, որում տերն ու տիրակալն Ադրբեջանն է», հայտարարել է ՀԱԿ փոխնախագահ, ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։

Նրա գնահատմամբ՝ «Ադրբեջանն է որոշելու, թե Հայաստանի ինքնիշխան տարածքներից որոնք են մնալու Հայաստանի կազմում և որոնք՝ անցնելու Ադրբեջանին», հայտնում է Panorama.am-ը:

«Ադրբեջանն է որոշելու Հայաստանի Սահմանադրության բովանդակությունը՝ նրանից հեռացնելով Անկախության հռչակագիրը և շատ լավ հասկանալով, որ քանդում է մեր պետության իրավական հիմքերը։

Ադրբեջանի հրամանով այսօր ճնշում են Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, ցանկանում են վերացնել մեր հոգևոր արժեքները, ջնջել մեր պատմական հիշողությունն ու ազգային ինքնությունը, փորձում են Հայոց ցեղասպանության մասին մեր գիտելիքն ու հիշողությունը ներկայացնել որպես դրսից ներշնչված ինչ-որ կայսերական քարոզչություն:

Մենք կհաստատենք հաշտություն Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, բայց խաղաղության մեր մոդելում մենք ապահովելու ենք Հայաստանի միջազգայնորեն ճանչված տարածքի վրա լիակատար վերահսկողության իրավունքը»,-նշել է նա:

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։