
Հաքերները հայտարարել են, որ կոտրել են OnlyFans հարթակը և ձեռք բերել 340 միլիոն օգտատերերի տվյալներ։ Տեղեկությունը, ըստ Dark Web Intelligence ալիքի հեղինակների, հրապարակվել է արևմտյան խոշոր դարքնեթ-ֆորումներից մեկում։
Հաղորդվում է, որ հրապարակված սքրինշոթների համաձայն՝ արտահոսած տվյալների մեջ ներառվել են ծառայության օգտատերերի անունները, հաշիվներին կցված էլեկտրոնային հասցեներն ու հեռախոսահամարները, հաշիվների ստեղծման ամսաթվերը, բաժանորդների և բաժանորդագրությունների տարբեր վիճակագրական տվյալներ, ստացած կամ թողած «Հավանել» նշումները, ինչպես նաև այլ վիճակագրական տեղեկություններ, գրում է Lenta.ru-ն:
Բացի այդ, հաքերների ձեռք բերած տվյալներում նշվել է նաև, թե տվյալ օգտատերը բովանդակություն ստեղծող է, թե դրա սպառող։ Տվյալների բազայում առկա են նաև բանկային քարտերի մասնակի տվյալներ՝ յուրաքանչյուր քարտի վերջին չորս թվերը։
«Եթե արտահոսքը իսկական է, ապա սա կարող է դառնալ մեծահասակների համար նախատեսված հարթակների ամենազգայուն կոտրումներից մեկը: Հիմնական վտանգը ոչ թե ուղիղ գողությունն է, այլ շորթումը, օգտատերերի շանտաժը, հետապնդումները, հեղինակության վնասման ռիսկերը, հաշիվների զավթման արշավները և հարաբերությունների կամ սոցիալական կապերի բացահայտումը», — հնարավոր հարձակումը մեկնաբանել են Dark Web Intelligence-ում։
Ավելի վաղ ևս հազարավոր վճարովի ինտիմ լուսանկարներ և տեսանյութեր OnlyFans ծառայությունից հայտնվել էին բաց հասանելիությունում։ Այդ ժամանակ արտահոսած ֆայլերի ընդհանուր ծավալը գերազանցել էր 1․6 տերաբայթը։