
TRIPP-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվել է: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Վայրկյաններ առաջ ձեր աչքի առջև ստորագրեցի TRIPP-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը: Հիշում եք՝ օրեր առաջ այն նախաստորագրվել էր իմ և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից:
Հիմա պետքարտուղար Ռուբիոն իր ստորագրություններն է դրել համաձայնագրի տակ, և առաքվել է փաստաթուղթը Հայաստան: Այժմ ես էլ հայկական կողմի ստորագրությունները դրեցի: Սրանով հեռավար ստորագրման գործընթացն ավարտված է, և համաձայնագիրը պատրաստ է վավերացման»,- ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Նա նաև տեսանյութ է հրապարակել:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտնել է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հունիսի 3-ին հավանություն է տվել մի շարք նոր ռազմավարական ներդրումների, որոնց թվում է եղել նաև TRIPP-ի զարգացման ընկերության հիմնումը՝ որպես հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն։
Նախաձեռնությունը միտված է աջակցելու առևտրին, փոխադրումներին, տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային փոխկապակցվածությանը։
Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տվյալներով՝ ընկերությունը պետք է աջակցի կարևոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, այդ թվում՝ երկաթուղիների, ճանապարհների, խողովակաշարերի, օպտիկամանրաթելային ցանցերի և այլ համակարգերի զարգացմանը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Պետքարտուղարության 2027 թվականի բյուջեի հայտի քննարկման ընթացքում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին, հայտնում է Factor.am-ը:
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտվել է։ «Այն ոչ միայն ավարտվեց, այլև ավարտվեց համաձայնագրով, որի հետ կապված ես ստորագրեցի հուշագիր։ Այն ստեղծում է նոր բարգավաճման ուղի՝ TRIPP-ը, որը երկու երկրներին կընձեռի արտակարգ հնարավորություններ, հատկապես՝ Հայաստանին, հարգելով նրանց ինքնիշխանությունը, որ իսկապես շահեն դրանից»,- հայտարարել է Ռուբիոն։
Մայիսի 26-ին Մարկո Ռուբիոյի՝ Երևան կատարած այցի ընթացքում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև նախաստորագրվել է TRIPP նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը։