
Խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի առաջին դեմքերի հեռուստաբանավեճի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը և «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը վիճաբանել են 44-օրյա պատերազմի զոհերի թվի շուրջ:
Թաթոյանը հայտարարել է, որ զոհերի թիվը մոտ 5000 է, և այդ մարդկանց անունները հայտնի են։
«4991 զոհ ենք ունեցել, անունները կան, ով էլ որ չի զոհվել, ասում եք՝ ինչո՞ւ չես գնացել, զոհվել»,– ասել է Թաթոյանը՝ ձեռքին պահելով այդ անձանց անունների ցանկը, հայտնում է Sputnik Արմենիան:
Փաշինյանը հայտարարել է, թե դա «կեղծ թիվ է»։
«Մինչ օրս 4273 զոհ ենք ունեցել՝ ներառյալ քաղաքացիական անձինք»,- պատասխանել է Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մի քանի անգամ հայտարարել է, որ 44-օրյա պատերազմում 5000 զոհ չի եղել, իսկ նման պնդումներ անողներին բնութագրել է որպես սրիկաներ։ Նա նաև 2025 թվականի նոյեմբերին հայտարարել էր, որ պատերազմի հետևանքով զոհվել է 3833 մարդ։