Ռուսաստանը չի պատրաստվում նոր պատերազմ սկսել Վրաստանի դեմ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը չի պատրաստվում նոր պատերազմ սկսել Վրաստանի դեմ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Մոսկվայի Միջազգային հարաբերությունների Պետական Համալսարանի Կովկասյան հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վլադիմիր Զախարովը: Նրա խոսքով, նման կարծիքները տարածում են Արեւմուտքի կողմից ղեկավարվող քաղաքական գործիչները: «Ռուսաստանը Վրաստանի հետ պատերազմելուց բացի ուրիշ ոչինչ չունի անելու: Ռուսական կառավարությունը նման ծրագրեր չունի եւ չի կարող ունենալ»,- ընդգծել է Զախարովը:



Հունիսի 29-ին Ռուսաստանի Հարավում, ինչպես նաեւ Հայաստանում, Աբխազիայում եւ Հարավային Օսիայում կսկսվեն «Կովկաս-2009» օպերատիվ-ռազմավարական զորավարժությունները: Մասշտաբային զորավարժությունների նախօրեին մի շարք փորձագետներ` ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտասահմանում, հայտնեցին, որ այդ զորավարժությունները Վրաստանի դեմ նոր պատերազմի նախաբանն են դառնալու: Բրիտանական The Times թերթի վարկածի համաձայն, ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի` ՌԴ կատարելիք այցի նախօրեին զորավարժությունների անցկացումը ոչ այլ ինչ է, քան Վրաստանը ՆԱՏՕ-ին միացնելու փորձերի ձախողման ցուցադրում:



The Times-ի վարկածը երեկ գրեթե նույնությամբ կրկնեց Տնտեսական վերլուծության ինստիտուտի նախագահ Անդրեյ Իլլարիոնովը, որը հայտնեց, որ ռուս-վրացական պատերազմը կարող է վերսկսվել հուլիսի 6-ին: Այդ օրը պետք է ավարտվեն «Կովկաս-2009» զորավարժությունները, բացի դրանից հենց հուլիսի 6-ին Մոսկվա է ժամանելու ԱՄՆ նախագահը: Որպես Վրաստանի դեմ պատերազմը շարունակելու նախապատրաստությունների նշան ՌԴ նախագահի նախկին խորհրդական Իլլարիոնովը համարում է Ռուսաստանի իրական գործողությունները, որոնք նպաստում են հակամարտության գոտուց ԵԱՀԿ ու ՄԱԿ դիտորդական առաքելությունների դուրսբերմանը հակամարտության գոտուց, ինչպես նաեւ հակամարտության գոտում հաճախակի դարձած ահաբեկչությունները, այդ թվում եւ եվրոպական դիտորդների դեմ: Կրեմլի ներկայիս ընդդիմադիրը ենթադրում է, որ հնարավոր ռազմական քարոզարշավի գլխավոր նպատակը կարող է դառնալ Վրաստանի գոյության դադարեցումը` որպես ինքնավար պետություն եւ նրա պառակտումը մի քանի մանր քվազիպետությունների, գրում է «ՆԳ»-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---