5 հունիսի 2026 - 14:41 AMT
ՌԴ ԿԸՀ դիտորդները կհետևեն ԱԺ ընտրությունների ընթացքին

ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիտորդները կհետևեն հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների ընթացքին: Ընտրություններին դիտորդական առաքելության շրջանակում ներգրավված կլինեն հանձնաժողովի անդամներ Պավել Անդրեևը և Լյուդմիլա Մարկինան, ինչպես նաև Ռուսաստանի տարբեր տարածաշրջանների ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչներ, հայտնում է Factor.am-ը:

ՌԴ ԿԸՀ-ի տեղեկացմամբ՝ ընտրական գործընթացին կհետևեն նաև այլ պետություններից ժամանած փորձագետներ և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Միաժամանակ, Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացրել է, որ արտերկրում ծառայողական գործուղման մեջ գտնվող դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներն ու զինծառայողները մասնակցել են առցանց քվեարկությանը։

ԿԸՀ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ այդ եղանակով քվեարկելու իրավունք ունի 537 ընտրող։ Առցանց քվեարկությունը մեկնարկել է ընտրություններից ինը օր առաջ և տևել երեք օր։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։