5 հունիսի 2026 - 15:39 AMT
Սամվել Կարապետյանը դիմել է պետաշխատողներին՝ մի վախեցեք, դուք նույնպես արժանի եք փոփոխությունների

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը դիմել է պետական աշխատողներին՝ հորդորելով չվախենալ:

Նա խոստացել է իր գլխավորած ուժի հաղթանակի դեպքում էականորեն բարձրացնել նրանց աշխատավարձերը:

«Պետական համակարգի արժանապատիվ աշխատակիցներ, դիմում եմ ձեզ, մեր երկրի ողնաշարը հանդիսացող մարդկանց, դուք այն մարդիկ եք, ում ուսերին ամենօրյա աշխատանքով պահվում է մեր պետականությունը։ Ես գիտեմ ձեր նվիրումը, գիտեմ, թե որքան ջանք ու եռանդ եք դնում ձեր գործի մեջ, հաճախ չստանալով այն գնահատանքն ու վարձատրությունը, որին իրականում արժանի եք:

Հունիսի 7–ին մեր երկրում տեղի են ունենալու ընտրություններ, որոնք որոշելու են Հայաստանի ապագան: Ես բոլորիդ հավաստիացնում եմ, որ Հայաստան ունի միայն մեկ ընտրություն: Հայ ժողովուրդը պետք է ընտրի ուժեղ և բարեկեցիկ երկիր ունենալու մեր առաջարկը: Պետք է մերժի անկայունությունը, երկրի ղեկավարի հոգեկան անհավասարակշռությունը, աղքատությունը, պատերազմները և 300 հազար ադրբեջանցիների մուտքը մեր երկիր։

Ես գիտեմ, որ այսօր ձեզանից շատերի վրա կա ճնշում, գիտեմ, որ տարբեր վերադասներ, իշխանական օղակներ փորձում են վախի մթնոլորտ ստեղծել, պարտադրել, որ ընտրեք Նիկոլ Փաշինյանին։ Նրանք ձեզ սպառում են աշխատանքից ազատել կամ խնդիրներ ստեղծել։

Այսօր ես ուզում եմ ձեզ ամենայն պատասխանատվությամբ ասել՝ մի վախեցեք, քվեախցիկում դուք մենակ եք ձեր խղճի, ձեր երեխաների ապագայի և ձեր Աստծո առաջ։ Ոչ մի վերադաս չի կարողանալու տեսնել ձեր քվեարկությունը և ոչ մի վերադաս իրավունք չունի տնօրինելու ձեր ազատ կամքը:

Փոփոխություններից վախենալ պետք չէ։ Պետք է վախենալ մեր երկիրն այս ապիկար իշխանությունների ձեռքում թողնելուց։ «Ուժեղ Հայաստան» դաշինքի հաղթանակից հետո մենք արմատապես փոխելու ենք վերաբերմունքը պետական աշխատողի հանդեպ։ Ես երաշխավորում եմ՝ ձեր աշխատավարձերը էականորեն բարձրանալու են, դուք այլևս չեք մտածելու առօրյա ընտանեկան հոգսերի դժվարության կամ ծանր վարկերի մասին»,-ասվում է ուղերձում։

Կարապետյանը հավելել է, որ չեն լինելու բազմամիլիոն պարգևավճար ստացող նախարարներ, լինելու են շատ բարձր վարձատրվող և պարգևավճարներ ստացող հասարակ պետական աշխատողներ:

«Ձեր ընտանիքները լինելու են պաշտպանված, իսկ կյանքի որակը շատ ավելի բարձր: Ձեր երեխաները ստանալու են արժանապատիվ ու մրցունակ ուսում, առանց ձեր կողմից մեծ ֆինանսական բեռի: Մենք ներդնելու ենք հատուկ պետական ծրագրեր, որպեսզի յուրաքանչյուր պետական աշխատող հնարավորություն ունենա հեշտացված պայմաններով ձեռք բերել բնակարան։

Մենք վերջ ենք դնելու հովանավորությանը։ Ձեր պաշտոնի առաջխաղացումը կախված է լինելու միայն ձեր պրոֆեսիոնալիզմից, այլ ոչ թե իշխանություններին հաճոյանալուց»,-ասվում է ուղերձում:

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։