
Չի բացառվում, որ հունիսի 4-ի հեռուստաբանավեճի մասնակիցներից որևէ ուժի հանեն ընտրապայքարից, հայտարարել է ԼՀԿ վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը Ազգային ժողովի մոտ անցկացվող քարոզարշավի ժամանակ: Նա անդրադարձել է Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված նախընտրական ամփոփիչ բանավեճին, որի ընթացքում քննարկվել է որոշ քաղաքական ուժերի ընտրություններին մասնակցության հարցը։
«Առավոտից սկսվել են լայնամաշտաբ ձերբակալություններ և երեկ Փաշինյանը ասում էր մի քանի ուժերի, որ բազմիցս քննարկել ենք՝ ինչպես պետք է ինչ-որ ուժերի հանել ընտրապայքարից։ Բայց ասում է՝ ես ձեզ ասել եմ, որ ես չեմ անելու, դուք գնացեք դիմեք ԿԸՀ։ Ասում է, որ ես անեմ, ասելու են դու վախեցար, նրանք էլ էնտեղ արդարանում են, թե ո՞նց դիմենք»,- ասել է Էդմոն Մարուքյանը, հայտնում է Factor.am-ը:
Բանավեճի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մյուս քաղաքական ուժերին առաջարկել է զբաղվել այդ հարցով՝ նշելով, որ իր միջամտության դեպքում կարող են հնչել քաղաքական հետապնդումների վերաբերյալ մեղադրանքներ։
Արամ Սարգսյանը, արձագանքելով վարչապետի խոսքերին, հայտարարել է, որ դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, սակայն ստացել է պատասխան, թե ԿԸՀ-ն նման լիազորություններ չունի։
Միևնույն ժամանակ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնել են, որ մինչ այդ պահը որևէ գրավոր դիմում չեն ստացել՝ քաղաքական ուժերին ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկելու վերաբերյալ։
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։